ՀՀ պետբյուջե 11 ամիսներին վերականգնվել է աննախադեպ մեծ նյութական վնաս` ավելի քան 4 մլրդ դրամ.ՀՔԾ պետ

ՀՀ պետբյուջե 11 ամիսներին վերականգնվել է աննախադեպ մեծ նյութական վնաս` ավելի քան 4 մլրդ դրամ.ՀՔԾ պետ
ՀՀ պետբյուջե 11 ամիսներին վերականգնվել է աննախադեպ մեծ նյութական վնաս` ավելի քան 4 մլրդ դրամ.ՀՔԾ պետ

Հատուկ քննչական ծառայության 11 ամիսների գործունեության ընթացքում վերականգնված գումարը կազմել է 4 միլիարդ 331 միլիոն 935 հազար 405 ՀՀ դրամ: Միայն այս տարի վերականգնված գումարը 7 անգամ ավելի է, քան նախորդ 11 տարիների ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած, որը կազմել է 597 միլիոն 698 հազար 770 դրամ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 29-ին Հատուկ քննչական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Սա միայն կանխիկ գումարով  պետության բյուջե վերադարձված գումարի չափն է. դրանից բազմակի անգամ ավելի չափով կալանք է դրվել մեղադրյալներին  իրավաբանորեն և փաստացի պատկանող  շարժական և անշարժ գույքերի, ինչպես նաև հանցագործության առարկա հանդիսացած ակտիվների վրա, որոնք  կտնօրինվեն դատական ակտերով: Նշված ակտիվների հստակ չափը օբյեկտիվորեն նշել չեմ կարող, քանի որ, քրեական գործի առանձնահատկություններից ելնելով,  ոչ բոլոր դեպքերում են նշանակվում դատաապրանքագիտական փորձաքննություններ»,- ասաց Խաչատրյանը:

ՀՔԾ պետի խոսքով`այս տարվա 11 ամիսների ընթացքում ծառայության քննիչների վարույթում քննվել է 656 քրեական գործ, որից 536-ի ընթացքը լուծվել է, այդ թվում`  71 քրեական գործ 115 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

«Նույն ժամանակահատվածում ծառայության քննիչների կողմից նախապատրաստվել են 439 նյութեր, հարուցվել են 261 քրեական գործեր: Ծառայությունում ստացվել և քննարկվել են 2544 դիմումներ: Անցած տարի հենց այս դահլիճում հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված հանդիսավոր նիստին համոզմունք հայտնեցի, որ ազնիվ և նպատակասլաց աշխատանքը  չի կարող չտալ իր արդյունքները, քանի որ էներգիայի պահպանման օրենքը գործում է նաև այստեղ: Քրեական գործերի քննության արդյունավետության կարևոր ցուցանիշներից է հանցագործությամբ պատճառված նյութական վնասի վերականգնման վիճակը»,- ընդգծեց Խաչատրյանը: