Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մշակույթի 60 գործիչների հայտարարությանը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին:
Որոշ գործիչներ ցուցակի հրապարակումից հետո հարցազրույցներ էին տվել լրատվամիջոցներին ու ասել, որ իրենք չեն ստորագրել այդ հայտարարության տակ:
Լևոն Քոչարյանն ասաց, որ իրենք ունեն ապացույցներ՝ բոլորը տեղյակ են եղել ինչի մասին է խոսքը:
«Չկա գեթ մեկը չկա, ով համաձայնություն տված չլինի: Չկա որևէ մեկը, ում անունը դրվել է այդտեղ առանց համաձայնության: Այո, ոտորագրություն որպես այդպիսին ֆիզիկապես չի եղել: Խոսքը հայտարարությանը միանալու մասին է եղել: Եթե ինչ-որ մարդ կա, որ տեքստին ինչ-որ ձև ծանոթ չի եղել, ես չգիտեմ՝ ում թերացումն է դա, ես ներողություն եմ խնդրում, բայց դա գրեթե բացառում եմ»,- նշեց նա: Ըստ Լևոն Քոչարյանի՝ ոմանք բառախաղ են անում, թե չեն ստորագրել: Ըստ նրա՝ այո, ստորագրություն չի եղել, բայց այդ մարդիկ միացել են հայտարարությանը, տվել են իրենց համաձայնությունը:
«Ով հետ է կանգնել այդ ամենից, չեմ մեղադրում, ինչ-որ տեղ հասկանում եմ, հանրային մարդիկ են, քննադատությունը մի քիչ ավելի ծանր է իրենց համար»,- ասաց Լևոն Քոչարյանը՝ հավելելով, որ լրատվամիջոցների ճնշումներին ու սոցիալական ցանցերում հարձակումներին բոլորը չէ, որ դիմանում են: