«Քանի՞ անգամ կարելի է ասել, որ կոռուպցիայի դեմ այս իշխանությունների վարած պայքարը տապալված է, ձախողված». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, հավանաբար տեղյակ եք՝ ԱՄՆ իրավապահ մարմինները Հայաստանի բարձրաստիճան նախկին պաշտոնյաներից Գագիկ Խաչատրյանի առանձնատան բռնագանձման գործընթաց են սկսել: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այդ գործընթացը չնախաձեռնեցին Հայաստանի իշխանությունները:

– Տեղեկության սակավության պատճառով չեմ կարող ասել՝ կոնկրետ ԱՄՆ-ում ինչ գործընթաց է մեկնարկել: Գիտեք ինչ, իսկ ո՞ր մի դեպքով մենք ունենք ավարտական գործընթաց և արձանագրված արդյունք, որ մի հատ էլ Գագիկ Խաչատրյանի մասով վերապահում արտահայտենք գործող իշխանության վարած քաղաքականության նկատմամբ:

Քանի՞ անգամ կարելի է ասել, որ կոռուպցիայի դեմ այս իշխանությունների վարած պայքարը տապալված է, ձախողված: Որևէ կոռուպցիոների նկատմամբ իրականացվող վարքագիծը խոսում է մեկ բանի մասին՝ մենք պահը բաց թողեցինք, և այսօր այդ կոռուպցիոներներից շատ-շատերը ոչ միայն պլստացին պատասխանատվությունից, այլև հագնելով քաղաքական գործչի հագուստ՝ հալածյալի կարգավիճակով ներկայանում են հանրությանը՝ տպավորություն ստեղծելով, թե քաղաքական հաշվեհարդարի են ենթարկվում:

Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններին չի հաջողել արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ, և հնարավոր մեծ ու փոքր կոռուպցիոներները խուսափել են պատասխանատվությունից՝ դրանով իսկ արժեզրկելով կոռուպցիայի դեմ պայքարի փիլիսոփայությունը, օրինականության դեմ պայքարի գաղափարաբանությունը և, առհասարակ՝ իրավական պետության արժեհամակարգն ամբողջությամբ:

Հայաստանի Հանրապետությունում դա բաց է թողնվել: Ես վստահ եմ, որ այս իշխանությունը այլևս անգամ լեգիտիմության առումով որևէ ռեսուրս չունի կոռուպցիայի դեմ պայքարի համար, որովհետև այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ ցանկացած կոռուպցիոների դեմ գնալը գնահատվում է որպես քաղաքական հաշվեհարդար:

– Ի՞նչ եք կարծում՝ դա քաղաքական կամքի բացակայության հետևա՞նք է, թե՞ պրոֆեսիոնալիզմի բացակայության:

– Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգում չկան պրոֆեսիոնալներ: Ճիշտ հակառակը, բազմաթիվ պրոֆեսիոնալ և բարեխիղճ մարդիկ կային և կան:

Պարզապես նրանց հետ պետք էր ճիշտ աշխատել, նրանց առաջ պետք էր խնդիրը շատ հստակ դնել, որ իրականում որևէ հանդուրժողականություն չի կարող լինել կոռուպցիայի նկատմամբ:

Ես խորապես համոզված եմ՝ ցանկացած իշխանություն խոցելի կդառնա այն պարագայում, երբ ընտրովի մոտեցում ցուցաբերվի օրինականության վերականգնման գործընթացում: Ինձ համար կոռուպցիոները կոռուպցիոներ է՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին ինչպիսի վարքագիծ է դրսևորում իշխանության նկատմամբ:

Եթե մի կոռուպցիոներ դրական վարքագիծ է դրսևորում իշխանության նկատմամբ և դուրս է մնում պատասխանատվության դաշտից, ապա մյուսների մոտ արժեզրկվում է պայքարը: Հետևաբար կարմիր գիծ էր պետք քաշել, ասել, որ եկել է նոր իշխանություն, և անկախ նրանից՝ ով եք եղել, ինչ եք եղել, եթե խախտել եք օրենքը, մենք ի զորու չենք ձեզ պաշտպանելու օրենքի առջև պատասխանատվության ենթարկվելու գործընթացից: Բայց այդպես չեղավ, և շատերը իրենք իրենց հարց տվեցին՝ եթե այդ հայտնի թալանչիները պատասխանատվության չեն ենթարկվում, մե՞նք ինչու պետք է ենթարկվենք:

Արդյունքում՝ այդ մարդիկ, հանցագործները գտան ձևեր ու լքեցին Հայաստանը: Երկրի ղեկավարի մակարդակով հայտարարվեց, որ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող կաշառքի դեպք է բացահայտվել, և մեկ էլ հանկարծ տեսնում ենք, որ այդ գործով անցնող նախկին նախարարը լքել է երկիրը: Հիմա որևէ մեկը պատասխան տվե՞ց: Միայն Գագիկ Խաչատրյանը չէ, է, ցույց տվեք մեկին, որը պատասխանատվության է ենթարկվել:

– Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ հայտարարում է հանուն հայրենիքի պայքարի մասին և կոչ անում ոտքի կանգնել…

– Այո՛, Սուրիկ Խաչատրյանը հիմա արդեն ակտիվ հեղափոխական է դարձել: Մարդիկ տեսան, որ իրենց չեն պատժում, պատասխանատվության չեն ենթարկում, և նրանց լեզուները երկարել են: Էլ ի՞նչ եք ուզում:

Գնդակն այս իշխանության դաշտում է, այս իշխանությունը չկարողացավ այդ անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել:

– Նաև Իշխան Սաղաթելյանն էր հարթակից հայտարարել թալանը վերադարձնելու մասին: Սա մի տեսակ հեգնանք չէ՞ իշխանության հասցեին:

– Այո՛, հեգնանք է, կարելի է գնահատել ծաղր: Ինչպես ուզեք՝ կարող եք գնահատել: Մարդկանց ակնկալիքներն ու սպասումները բոլորովին այլ էին, ու դրանք գնալով նվազում են: Անկեղծ պետք է խոստովանեմ՝ այս իշխանության գոյության պայմաններում հնարավոր չէ, որ հայտնի շնաձկները երբևէ պատասխանատվության ենթարկվեն:

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ Հայաստանի ամենակոռումպացված ընտանիքը Սերժ Սարգսյանի ընտանիքն է: Եթե այս իշխանության օրոք հենց այս իշխանության կողմից բնութագրված ամենակոռումպացված ընտանիքի որևէ անդամ պատասխանատվության չի ենթարկվում, ապա փոքր կոռուպցիոներները ստանում են պատասխանատվությունից խուսափելու լեգիտիմ իրավունք: Եթե մեծ շնաձուկը չի ենթարկվում պատասխանատվության, ապա ինչո՞ւ պետք է մանրերը ենթարկվեն: Նույնը՝ Ռոբերտ Քոչարյանի դեպքում:

– Պարո՛ն Նորիկյան, դուք այն կուսակցության ներկայացուցիչներից եք, որը մշտապես հանդիպումներ է ունենում վարչապետի հետ: Ձեր այս մտահոգությունները բարձրացրե՞լ եք այդ հանդիպումներում:

– Ես այդ հարցադրումները Նիկոլ Փաշինյանի երեսին էլ եմ արել: Վստահեցնում եմ՝ եթե ձեզ հետ խոսում եմ հրապարակավ, այդքան բարոյականություն ունեմ ընդգծելու, որ այդ նույն տոնայնությամբ, նույն շեշտադրումներով խոսում եմ նաև այնտեղ: Չկասկածեք:

– Իսկ ի՞նչ պատասխաններ եք ստանում:

– Ա՛յ, որ հնարավորություն ունենաք՝ Նիկոլ Փաշինյանին հարցրեք: Ընդ որում՝ նա վերջերս էլ էր ասում, որ ինքն էլ է դժգոհ կոռուպցիայի դեմ պայքարից: Բայց, կներեք՝ ես կարող եմ դժգոհ լինել, քաղաքացիները կարող են դժգոհ լինել, ինքն իրավունք չունի դժգոհ լինելու: Ինքը պարտավոր է աշխատել ու արդյունք ցույց տալ: Եթե երկրի վարչապետն էլ է դժգոհ իր ղեկավարած կառավարության գործունեությունից, կոռուպցիայի դեմ վարած պայքարից, բա ո՞վ պետք է գոհ լինի:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am