Ամփոփվել է սուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագիրը

Առողջապահության նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում գլխուղեղի կաթվածի բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խորհրդի անդամները, ինչպես նաև Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հայաստանում կաթվածի կենտրոնների հավաստագրման և կարգավիճակի շնորհման ուղեցույցներ»-ի հաստատման հարցը:

Քննարկման մասնակիցները ուշադրություն են հրավիրել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ինչպես նաև Շիրակի մարզի Գյումրու և Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոններում «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծառայություններ»-ի ներդրման հարցին:

Հանդիպման մասնակիցները կարևորել են կաթվածի թիմի անդամների կրթությունը և մասնագիտացումը: Առաջարկվել է նաև մարզերում կաթվածի ուղղությամբ համատեղ փոխանակման ծրագրերի մշակման ուղղությամբ աշխատել, ինչը կնպաստի գիտելիքների տարածմանը: Միաժամանակ առաջարկվել է կաթվածի կանխարգելման կլինիկաներ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ կատարել` սուր իշեմիկ ինսուլտի դեպքերը մեղմացնելու և նվազեցնելու նպատակով:

Քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ պացիենտների անհատական դեպքերին առնչվող հարցեր: «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության ծառայության ղեկավար Նունե Եղիազարյանը կարևորել է ծրագրի գործունեությունը, շեշտելով, որ մի քանի օր առաջ անհնար կլիներ փրկել 36 տարեկան կնոջ կյանքը, եթե ծրագիրը կյանքի չկոչվեր:

Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլին նշել է, որ ծրագիրը այնքան հաջող է ներդրվել, որ կարող է օրինակելի համարվել ամբողջ աշխարհում:

Հիշեցնենք, որ սուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագիրը ներդրվել է 2019 թվականի փետրվարի 1-ին: 2020 թվականի հունվարի դրությամբ 382 մարդ օգտվել է ծրագրից, որից 56-ը «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, 326-ը` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: