ԱՄՆ-ի Սենատը Թրամփի իմփիչմենթի գործընթացը կիրականացնի արագացված ռեժիմով

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հունվարի 21-ին հավանություն Է տվել այն բանաձեւին, որն օրենսդիր մարմնի վերին պալատին թույլ կտա նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի շրջանակում գործընթացն իրականացնել արագացված ռեժիմով: Նիստը հեռարձակել են ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ձայները բաշխվել են կուսակցական պատկանելիությանը խստիվ համապատասխան՝ 53 հանրապետական կողմ Է արտահայտվել, 47 դեմոկրատ՝ դեմ:

Իմփիչմենթի քննության ժամկետն ու հաջորդականությունը կանոնակարգող նախաձեռնության հեղինակը Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելն Է (Քենթուքիի նահանգ): Նա հայտարարել Է, որ տրամադրված Է ինփիչմենթի ընթացակարգը շուտափույթ ավարտելուն, որը կբերի Թրամփի արդարացման: Ենթադրում Է, որ Սենատում այդ գործընթացը՝ գործնականում կանխորոշված վերջաբանով, կշարունակվի մոտավորապես երկու շաբաթ: Առաջարկությունը հարուցել Է դեմոկրատների խիստ քննադատությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: