Լրատվամիջոցներին հայտնի է դարձել «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի ինքնությունը

«Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոցներ արձակած անձի ինքնությունը լրատվամիջոցները պարզել են։ Մասնավորապես՝ hraparak.am-ը գրում է, որ կրակոց արձակողը Արթուր Թորոսյան անուն-ազգանունով անձն է։

«Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է։ Նա դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Ռ․Քոչարյանը կլինի ազատության մեջ։ Նրա ընկերների ցանկում է նաև Քոչարյանի աջակիցներից տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը։ Ինքն էլ հետևում է Արմեն Աշոտյանի, Արթուր Դանիելյանի, Նաիրա Զոհրաբյանի էջերին, հավանել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի էջերը»,- գրում է կայքը։

Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն: