ՀՀ-ն Ռուսաստանի հետ կկնքի պայմանագիր հեռուստահեռարձակման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ ՌԴ-ի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ ամենայն հավանականությամբ ՌԴ-ի հետ կկնքվի միջպետական պայմանագիր, և մեկ կամ երկու հանրային և մայրաքաղաքային  սլոթեր (հաճախականություններ) կհատկացվեն ռուսական հեռուստաընկերություններին:

Հակոբյանը, դիտարկելով արտոնագիր ստանալ ցանկացող հեռուստաընկերությունների դիմումները, նշել է, որ մրցույթը հայտարարվել է 25 հաճախականության համար:

«6 հանրապետական սլոթին հավակնում է 12 հեռուստաընկերություն, 9 մայրաքաղաքային սլոթին՝ 4 հեռուստաընկերություն, իսկ 10 տարածաշրջանայինին՝ 13 հեռուստաընկերություն»,-տեղեկացրել է նա:

Տիգրան Հակոբյանը հավելել է, որ օտարերկրյա հեռարձակողները  սլոթերի օգտագործման արտոնագիր են ստանում ըստ միջպետական պայմանագրերի՝ առանց մրցույթի: Նրա խոսքով՝ մրցույթի արդյունքները կհայտարարվեն հունվարին: