Յուրաքանչյուր հայ, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությանը, ըստ որի՝ ԼՂ բանակցային պրոցեսում 2016 թվականին տեղի է ունեցել աղետ։

«2016թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը հայկական կողմից լայնորեն քարոզվում ու գովազդվում է։ Բայց աղետը սա չէ։

Այդ բանակցային փաթեթում նշվում է, որ ԼՂ-ն ունի ԱԺ, ունի դատական իշխանություն և այլն, բայց ոչ ոք չի ասում, որ ԼՂ այդ ժամանակավոր իրավիճակն ու կարգավիճակը ճշգրտելու հարցը, ըստ այդ բանակցային բովանդակության, տեղափոխվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, և ասվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն, խորհրդակցելով Հայաստանի հետ, խորհրդակցելով Ադրբեջանի հետ, խորհրդակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոշում է կայացնում այդ իրավական համակարգերի իրավական ու պրակտիկ կիրառման նրբությունների վերաբերյալ»,- նշել էր վարչապետը։

Ըստ Փաշինյանի` տեղի ունեցած աղետից հետո Արցախը չէր կարող ամբողջությամբ հայկական լինել: «Երբ Սերժ Սարգսյանը նախկինում ասում էր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հիմա չի ասում, որ իր բանակցություններն էն մասին էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ որ Արցախը պետք է հայկական մնար։

Ասեմ ավելին՝ դրա հետ էլ համաձայն չեմ, որովհետեւ Արցախը չէր կարող ամբողջությամբ հայկական լիներ։ Ի՞նչ նկատի ունենք՝ հայկական։ Այդ բանակցություններից ակնհայտ էր, որ Արցախը՝ ԼՂԻՄ-ը, ունենալու էր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական բնակչություն, ԼՂ-ում արդյո՞ք լինելու էր օրենսդիր իշխանություն՝ այո, լինելու էր, բայց այն ամբողջությամբ հայկական չէր լինելու, լինելու էր ադրբեջանական քվոտա ու հայկական քվոտա։ Լինելու՞ էին ՏԻՄ-եր՝ այո, բայց դրանք ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական էին լինելու»:

«Որևէ մեկը կասկած ունի՞, որ արցախահայությունը շարունակում և շարունակելու է իր պայքարը հանուն Արցախի հայկական ապագայի, անկախության միջազգային ճանաչման և, վերջիվերջո, Մայր Հայաստանի հետ միացման: Յուրաքանչյուր հայի համար արցախահայության կամքն ու ձգտումները պետք է լինեն անձեռնմխելի և հիմք Հայրենիքին աջակցելու մղումներում ու ջանքերում:

Արցախին առնչվող գործողություններն ու քննարկումները պետք է ունենան հստակ ու ազգային շահերի հիման վրա ձևավորված նպատակներ, սկզբունքներ ու կարմիր գծեր՝ վեր ցանկացած տիպի նեղ ու կարճաժամկետ շահերից, այդ թվում՝ ներքաղաքական: Եվ սա վերաբերում է թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքյան քաղաքական ուժերին ու գործիչներին՝ ինձնից սկսած:

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ, ՈՎ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ, ՈՒՆԻ ԱՆԵԼԻՔ, ԵՎ ԴԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՉՎՆԱՍԵԼՆ Է, ՀԵՏՈ՝ ԱՋԱԿՑԵԼԸ»,- գրել է Բեգլարյանը։ Նշենք, որ այսօր ԱՀ ԱԺ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված  իշխանությունները։