Հայաստանը կդառնա տիեզերքի ոլորտում գործունեության համար գրավիչ երկիր. քննարկվում է օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ կառավարության առաջարկած օրինագծով նախատեսվում է Հայաստանում կանոնակարգել տիեզերական գործունեության ոլորտը:

Ազգային ժողովի հունվարի 24-ի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով: Տիեզերական հետազոտությունների և արդյունաբերության ոլորտի զարգացման, տնտեսապես շահավետ օգտագործման համար անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը: Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տիեզերական տարածության հասկացությունները»,- ասաց Արշակյանը:

Ըստ օրենքի նախագծի՝ դրա ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կկանոնակարգվի տիեզերական գործունեության ոլորտը եւ Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը: