Ադրբեջանը բացատրություններ է պահանջել, մինչ ԼՂՀ ԱԺ նախագահը շարունակել է ԱՄՆ հանդիպումները

Ադրբեջանը բացատրություններ է պահանջել, մինչ ԼՂՀ ԱԺ նախագահը շարունակել է ԱՄՆ հանդիպումները
Ադրբեջանը բացատրություններ է պահանջել, մինչ ԼՂՀ ԱԺ նախագահը շարունակել է ԱՄՆ հանդիպումները

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել պաշտոնական Վաշինգտոնին` Միացյալ Նահանգների Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ կազմակերպված հանդիպումների կապակցությամբ։

Այդ մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նույնիսկ Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել  Ադրբեջանում Միացյալ Նահանգների գործերի հավատարմատար Ադամ Սթերլինգը։

Իր բողոքի նոտայում պաշտոնական Բաքուն դատապարտել է կոնգրեսականների հանդիպումը Ղարաբաղի իշխանությունների հետ եւ ընդգծել, որ «այդօրինակ այցերը ստվեր են գցում Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունների վրա, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները հանդիսանում է խաղաղ բանակցությունները վարող միջնորդական խմբի անդամ»։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ի պատասխան իրենց բողոքի նոտայի` պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է, թե «Աշոտ Ղուլյանի այցը Միացյալ Նահանգներ մասնավոր բնույթ է կրել, նա ժամանել է որպես Հայաստանի քաղաքացի եւ որեւէ պաշտոնական հանդիպում չի ունեցել»։

Պատասխան նամակում, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` Միացյալ Նահանգները նաեւ վերահաստատել է իր դիրքորոշումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ։

Այս աղմուկին զուգահեռաբար, Աշոտ Ղուլյանը շարունակում է ԱՄՆ հանդիպումները:  Սեպտեմբերի 30-ին Ղուլյանը Վաշինգտոնի հետազոտական  կենտրոնում /Carnegie Endownment For International Peace/  հանդիպել է Հարավային Կովկասի տարածաշրջանով զբաղվող փորձագետների հետ:

«Քննարկումների ընթացքում ԼՂՀ խորհրդարանի նախագահը  ներածական խոսքով ներկայացրեց Արցախի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և տարածաշրջանային հրատապ խնդիրների ու գործընթացների վերաբերյալ: Այնուհետեւ տեղի ունեցավ հարց ու պատասխան, որի ժամանակ փորձագետները հնարավորություն ունեցան պարզաբանումներ ստանալ իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի մասին»,- տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:

 

Հոկտեմբերի 1-ին` այցի վերջին օրը, ԼՂՀ ԱԺ նախագահը աշխատանքային հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար մարմնի անդամների հետ:

«Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց  Միացյալ նահանգներում Արցախին առնչվող հարցերի լայն շրջանակի` սկսած քաղաքական օրակարգի թեմաներից մինչև տնտեսական և մարդասիրական խնդիրները»,- տեղեկացնում  է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:

 

Օրվա երկրորդ կեսին ԱՄՆ ՀՀ դեսպանատանը կազմակերպվել էր ընդունելություն` ի պատիվ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի:

 

Մինչ այդ, սեպտեմբերի 28-ին Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ռոբերտ Բրադկեի, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանի, ինչպես նաեւ մի քանի հայամետ կոնգրեսականների հետ:

 

© Medialab.am