ՀՀ ԱԳ նախարար. Դա ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է

ՀՀ ԱԳ նախարար. Դա ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է
ՀՀ ԱԳ նախարար. Դա ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է

Հոկտեմբերի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադտկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախարար Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքն է հայտնել նախօրեին ադրբեջանական բանտում առևանգված հայ հովվի սպանության կապակցությամբ` ընդգծելով, որ «շուրջ 25 օր անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել հանդիպելու նրան »:

Նախօրեին` Ադրբեջանում մահացել է օրեր առաջ սահմանին մոլորված եւ գերեվարված Մանվել Սարիբեկյանը, որին ադրբեջանական կողմը ներկայացնում էր որպես «ահաբեկիչ, դիվերսիոն խմբի անդամ »:

Ադրբեջանի ՊՆ-ն եւ Ռազմական դատախազությունն համատեղ հայտարարություն են տարածել, ուր Սարիբեկյանի մահը ներկայացվել է, որպես ինքնասպանություն. «ռազմագերի Մանվել Սարիբեկյանը ինքնասպան է եղել »:

Ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ ՊՆ-ն, որտեղ նշվում էր, որ երիտասարդ հովվի մահվան պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Իսկ երեկ ավելի ուշ Էդվարդ Նալբանդյանը եղել է ՀՀ ԱԺ-ում, որտեղ լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձել է երիտասարդ հովվի մահվան հանգամանքին:

«Երիտասարդ հովվի առևանգումը, բռնության միջոցով ստիպելը հեռուստատեսությամբ ակնհայտ անհեթեթություններ ասել, և վերջիվերջո սպանելը զարհուրելի է թե իր էությամբ, թե ցինիզմի այն աստիճանով»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:

Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ «սա հայտնի ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է. սկզբից պատանդին նվաստացնել տեսախցիկի առջև, ապա սպանել»:

© Medialab.am