Մամուլի ազատության ցուցիչներով Հայաստանը բարելավել է դիրքերը, սակայն իրավիճակը դեռեւս մտահոգիչ է

Մամուլի ազատության ցուցիչներով Հայաստանը բարելավել է դիրքերը, սակայն իրավիճակը դեռեւս մտահոգիչ է
Մամուլի ազատության ցուցիչներով Հայաստանը բարելավել է դիրքերը, սակայն իրավիճակը դեռեւս մտահոգիչ է

Հայաստանը մամուլի ազատության ցուցիչներով, ըստ միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» բարելավել է իր դիրքերը տաս կետով` վերականգնելով  2008-ի ցուցանիշը եւ 178 երկրների մեջ զբաղեցնելով  101-րդ հորիզոնականը:

Փարիզում տեղակայված «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության անցյալ տարվերջի զեկույցի համաձայն Հայաստանը անցյալ տարի զբաղեցնում էր 111-րդը հորիզոնականը:

Միջազգային իրավապաշտպան հեղինակավոր  Freedom House-ը, Human Rights Watch-ը, «Լրագրողներ առանց սահմանների» եւ այլ  կազմակերպությունների տարեկան զեկույցների համաձայն,  անցյալ տարի պարբերաբար ահազանգում էին Հայաստանում «ոչ ազատ» մթնոլորտի եւ լրագրողների հանդեպ բռնությունների մասին:

«Իշխանությունները շարունակում են վերահսկել հեռարձակվող մամուլի մեծ մասը, իսկ մասնավոր հեռուստա եւ ռադիոկայանները պատկանում են իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող քաղաքական գործիչներին եւ գործարարներին,-ասվում է փետրվարի 16-ին Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեի  հրատարակված «Հարձակումներ մամուլի վրա 2009. Հայաստան» զեկույցում:

Սակայն, այս տարի ըստ «Լրագրողներ առանց սահմանների» 2010-ի զեկույցի Հայաստանն առաջընթաց է արձանագրել գրեթե հասնե,ով մամուլի ազատության ցուցիչներով նախորդ տարիներին զգալի առաջընթաց ապրող հարեւան Վրաստանին, ուր ի տարբերություն Հայաստանի, վերջին զեկույցով անկում է արձանագրվել:

Անցյալ տարվա 81-ի փոխարեն, այս տարի Վրաստանը զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը, Թուրքիան 138-ն է,  Ռուսաստանը 140-ը, իսկ Ադրբեջանում իրավիճակն ամենամտահոգիչն է: Անցյալ տարվա 146-րդ հորիզոնականի փոխարեն այս տարի Ադրբեջանը 152-րդն է:

Մամուլի ազատության ցուցիչներով ամենաազատ երկրներն են Ֆինլանդիան, Իսլանդիան եւ Նորվեգիան: Ամենամտահոգիչ ցուցանիշներով ցուցակը եզրափակում են հարեւան Իրանի իսլամական հանրապետությունը, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան:

 

© Medialab.am