Իրավապաշտպանը Ղարաբաղում ցույց կանի. նա պահանջում է պաշտոնանկ անել ԼՂՀ ՊԲ հրամանատարին

Իրավապաշտպանը Ղարաբաղում ցույց կանի. նա պահանջում է պաշտոնանկ անել ԼՂՀ ՊԲ հրամանատարին
Իրավապաշտպանը Ղարաբաղում ցույց կանի. նա պահանջում է պաշտոնանկ անել ԼՂՀ ՊԲ հրամանատարին

ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն 92» իրավապաշտպան կազմակերպության համակարգող, հայտնի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը պատրաստվում է Ղարաբաղ վերադառնալուց հետո հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ եւ բարձրացնել ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի պաշտոնանկության հարցը:
«Եթե նախագահը պաշտոնանկ չանի ԼՂՀ ՊԲ հրամանատարին, ապա ես նրա հրաժարականը պահանջող բողոքի ցույցեր կանցկացնեմ»,- «Մեդիալաբին»  ասել է Կարեն Օհանջանյանը:
Նման քայլի պատճառ է դարձել ԼՂՀ ՊԲ-ում տեղի ունեցած վերջին աղմկահարույց միջադեպը, որի հետեւանքով  4 զինծառայողներ մահացել են, 4-ը` վիրավորվել:

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած աղմկահարույց այդ միջադեպից հետո, իրավապաշտպանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ տեղի ունեցած միջադեպը որակել էր որպես «պետական եւ բանակային բարձրագույն իշխանությունների անպատասխանատվության եւ ոչ պրոֆեսիոնալիզմի ճչացող փաստ»:

«Մենք կատարվածը գնահատում ենք որպես ղարաբաղյան բանակի քայքայման եւ ապաբարոյականացման գագաթնակետ, եւ կոչ ենք անում ԼՂՀ նախագահին, որպես ԼՂՀ ժողովրդի ինքնիշխանության և անվտանգության երաշխավորի, անհպաղ ստորագրել ԼՂՀ ՊԲ հրամանատարին պաշտոնանկ անելու հրամանագիր, ինչպես նաև բոլոր մեղավորներին ենթարկել խիստ պատասխանատվության, միաժամանակ հետաքննությանը ներգրավելով Լեռնային Ղարաբաղի հասարակության ներկայացուցիչներին»,- իր հայտարարության մեջ նշել էր Օհանջանյանը:

© Medialab.am