ՀԱԿ-ը երթ է անցկացրել` նվիրված մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան

ՀԱԿ-ը երթ է անցկացրել` նվիրված մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան
ՀԱԿ-ը երթ է անցկացրել` նվիրված մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան

Այսօր` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ընդդիմադիր ՀԱԿ-ը Երեւանում երթ է անցկացրել, որն ավարտվել է Հյուսիսային պողոտայում:
Սարյանի արձանի հարակից տարածքից մեկնարկած երթը, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը որակել է որպես «2008-ից հետո անցկացված ամենամարդաշատը»:
Երթին մասնակցել են ոչ միայն ընդդիմության երեւանյան ակտիվիստները, այլ նաեւ մարզերից եկած ՀՀ քաղաքացիներ, որոնց մեծ մասը Սարյանի արձանի հարակից տարածքում առաձին խմբերով, իրենց հետ բերված ցուցապաստառներով եւ դրոշներով միացել մասնակիցներին:

Երթից առաջ կայացած փոքրիկ հավաքի ժամանակ ելույթ են ունեցել ընդդիմության առաջնորդները, ինչպես նաեւ օրերս ազատ արձակված քաղբանտարկյալներ Գաբրիել Գաբրիելյանը եւ Ֆելիքս Գեւորգյանը, ովքեր իրենց խոսքում շնորհակալություն են հայտել ակտիվիստներից եւ ասել են, որ դրսում են հայտնվել միայն մարդկանց համառ պայքարի արդյունքում:

Հավաքի ժամանակ ելույթներ են ունեցել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ եւ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ Գագիկ Ջհանգիրյանը, Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Դավիթ Շահնազարյանը, Պետրոս Մակեյանը:

«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնում եք միայն դուք։ Ուրիշ որևէ այլ մարմին, որևէ այլ անձ չկա»,- իր խոսում մասնակիցներին է դիմել Դավիթ Շահնազարյանը:

«Այն ռեժիմը, որի դեմ մենք պայքարում ենք, այսօր թուլանում է, քայքայվում է ձեր աչքերի առջեւ, իսկ մեր շարժումը դառնում է ավելի հզոր կազմակերպված և մարտական»,- ասել է Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը`  հավելելով, որ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը լուծելուց հետո,  հաջորդ խնդիրը մամուլի եւ հեռուստատեսության ազատության համար պայքարն է լինելու ու ժողովրդին սեփական իշխանությունն ընտրելու իրավունքը վերադարձնելը:

Երթի ժամանակ միջադեպեր չեն արձանագրվել:

© Medialab.am