Նախընտրական կարգախոսներ, որոնք կարելի է նաև զառանցել

Մհեր Արշակյան

Քաղաքական ուժերի նախընտրական կարգախոսները մի ուրիշ «պոեզիա» են։ 

ՔՊ-ն ասում է՝ Ապագա կա։ Սա նորությո՞ւն է: Ո՛չ: 

Բայց դառնում է սպառնալիք, հենց այս մասին ասում է Փաշինյանը: «Ապագա կա»-ն հնչում է չափազանց անորոշ, Մոզամբիկում էլ ապագա կա, Հյուսիսային Կորեայում էլ կա, Թուրքմենստանում էլ կա, ամենուր, որտեղ մարդուն արդեն չեն ուտում, ապագա կա: Նույնիսկ Ադրբեջանում ապագա կգտնես, եթե լավ փնտրես: Որովհետև ոչ մի տեղ մարդը չի կարող խաղալ Նիկոլ Փաշինյան: 

Ամենուր մարդը բռնակալ է կամ ժողովրդավար: Ուղիղ դեմքով: Առանց կապիկությունների: Հայաստանը ուղիղ 100 տարով հետ քցես ու ասես՝ ապագա կա: Էստեղ նույնիսկ ցինիզմն է հանձնվում: 

Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանից ցինիկ է՝ նա ապագայի ընտրություն ունի և կանգ է առել դրանցից մեկի վրա՝ «Դեպի ուժեղ Հայաստան»: 

Այսինքն՝ նրան թվում է, թե Հայաստանին ուժն է պակասում: Էս մարդը չսովորեց մեզանից ոչ մեկին Պողոս Պողոսյան չընկալել: Այսինքն՝ մարդ լինի՝ տապալի: 

Ոչ մեկը նրան չի ասում՝ լսի՛ր, Հայաստանը թուլացել է անցյալում, վերջին 3 տարում չի թուլացել: Եվ հետո քեզ՝ ղարաբաղցուդ, որն այլևս երբեք Ղարաբաղ չի վերադառնա, ինչի՞ն է պետք ուժեղ Հայաստանը: 

Առանց քեզ չի՞ լինի: 

Նայում ես իրեն ու հասկանում՝ հանձին էդ մարդու Հայաստանին խելքն է պակասում: Ու որպեսզի ավելի ապուշի տպավորություն չթողնենք, գոնե ինքը արանքից պիտի դուրս գա: Որովհետև նրա քրեական հանցագործությունները, նրա հանելուկային հարստությունը Հայաստանի վրա, համենայնդեպս, 4 հազար զոհի ցրցամ է նստել, որը ժառանգեց Սերժ Սարգսյանին («Պատիվ ունեմ»-ին), որն էլ այդ զոհերին նյութականացրեց Նիկոլ Փաշինյանի կառավարումով: 

Աշխարհի ոչ մի երկրում հրեշների այսպիսի ընտրություն չկա: Ու ամենասարսափելին այն է, որ սա օրինական ընտրություն է: 

«Պատիվ ունեմ»-ի ցինիզմը յուրաքանչյուրիս վրա անուն առ անուն է տարածվում: Այստեղ զարմանալի կոնկրետություն կա: Ասում է՝ «Անցյալին վերադարձ չի լինելու»: 

Մեկն անորոշ ասում է՝ Ապագա կա, ու դու գիտես, որ էդ ապագան ոչ մեկը չի տեսել որևէ մեկի դեմքով: Վանեցյանի ու Սերժ Սարգսյանի (վերջինս ցուցակում չկա) առաջնորդած ցուցակը հռչակում է՝ Անցյալին վերադարձ չի լինելու: 

Ու այնտեղ տեսնում ես՝ Տարոն Մարգարյան, Իշխան Զաքարյան: Իսկ Վանեցյանի նախկինասիրությունն ուղղակի ապագաներ է ճեղքում: 

Հաջորդն ո՞վ է՝ ԲՀԿ-ն: Նույնիսկ հասկանալի չէ, թե ինչն է այս քաղաքական ուժին պահում ջրի վրա՝ կատարյալ ավելորդություն Հայաստանի քաղաքական դաշտում, կցակառույց է, ոչ թե կուսակցություն, միշտ հարկավոր պահին ուժեղի կողմն է՝ Ռոբերտ Քոչարյանի կողքին եղել է, Սերժ Սարգսյանի կողքին եղել է, Նիկոլ Փաշինյանի կողքին եղել է: 

Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին է եղել: Ասելիքն էլ միշտ վարկերի մասին: Կարգախոսի մասին էլ դեռ տեղեկություններ չկան: Այսինքն՝ կարգախոս չունեն: 

Այս կուսակցությանը Հայաստանի վերջին երեք ղեկավարները թույլատրել են ամեն ինչ, միայն թե ոտքի տակ չընկնի: Մի անգամ փորձեց, բայց Հայաստանի երբեմնի ամենամկանուտ մարդուն փետրվարի ուղիղ կեսերին ցույց տվեցին, թե որտեղ են ձմեռում խեցգետինները: 

ՀԱԿ-ի կարգախոսը, իմ տեղեկություններով, այն մասին է, թե ինչքան ցինիկ եղանք, հերիք է: «Լրջանալու պահը»՝ կարծեմ հենց սա է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ուժի նախընտրական կարգախոսը: 

Այստեղ նույնպես խնդիր կա: Ո՞ւմ եք ասում, մարդիկ անցյալն ու ապագան խառնել են իրար, արդեն լրջորեն քննարկում են, թե Քոչարյանն ինչքանի՞ է հասցնելու ընտրակաշառքի չափը, մարդիկ ըստ էդ չափի պլաններ են կազմում: 

Եթե անկեղծ՝ ծաղրո՞ւմ եք մեզ: Մեզ, որ համարյա ազգովի ձեռքներս լվացինք Ղարաբաղից, ու հիմա հերթը Հայաստանին է հասել: Մեզ, որի հիմնական ընտրությունը ծաղրածուի ու բռնցքամարտիկի միջև՞ է: 

Տիգրան Արզաքանցյանն ու ֆիլիոս Սոկրատ Արա Աբրահամյանն էլ ձեզ նվեր: Մնացածին խնայենք: Կամ՝ նրանք թող մեզ խնայեն: Ամեն: 

Մհեր Արշակյան

MediaLab.am