«Առանց հանրային համաձայնության, որեւէ հարկային բեռի ավելացում չի լինելու». Արարատ Միրզոյան. «Առավոտ»

«Ես տեղեկացա, որ հանրության շրջանում եւ նաեւ սոցցանցերում քննարկումներ են գնում, այսպես ասած՝ «խոպանչիներին» հարկելու նախաձեռնության շուրջ: Ես ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի քաղաքացիներն իմանան, որ առանց լայն, հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության, որեւէ հարկային բեռի ավելացում չի լինելու, բացառվում է այդպիսի բան»:

Այդ մասին «Առավոտ»-ի փոխանցմամբ կառավարության այսօրվա արտահերթ նիստում հայտարարել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով, պետք է հաշվի առնել, որ կարող են զանազան գաղափարներ քննարկվել, որոնք կարող են եւ «մանիպուլյատիվ տեսք ստանալ, աղավաղվել, մեկնաբանվել ոչ այնպես՝ ինչպես կա», բայց մեկնաբանվել այնպես՝ ինչպես որ կա եւ արժանանալ կամ չարժանանալ հասարակության հավանությանը: 

Արարատ Միրզոյանն ասել է, որ հենց արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու վերաբերյալ խոսքը աղավաղվել եւ սխալ է մեկնաբանվել:

«Կա միտք, ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, եւ եթե դա կյանքի կոչվի, պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները, այնպես, ինչպես հիմա օրենքով սահմանված կարգով  անում են հանրային ծառայողները, համապատասխան պաշտոններ զբաղեցնող մարդիկ: Նախ՝ պետք է հասկանանք ինչքանով է Հայաստանը պատրաստ դրան, եւ նույնիսկ եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է բացառվի որեւէ եկամուտի կրկնակի հարկումը: Չի կարող պատահի, որ որեւէ մեկն իր եկամուտից, ասենք՝ օրինակ, ԱՄՆ-ում կամ Ռուսաստանի Դաշնությունում արդեն հարկ է վճարում եւ փոխանցում է տրանսֆերով Հայաստան, մի հատ էլ այդ գումարից հարկ է վճարվում Հայաստանում: Սա գաղափար է, որը պետք է քննարկվի եւ կտեսնենք ինչքան դրական կողմեր ունի, ինչքան՝ բացասական, մեր երկիրը ինչքան կարող է դրանից շահել, քաղաքացիները ինչքան կարող են շահել եւ ինչքանով՝ ոչ: Եվ միայն ամենալայն համաձայնության դեպքում որեւէ հարկային բեռի ավելացում կամ փոփոխություն Հայաստանի Հանրապետությունում այսուհետ կարող է տեղի ունենալ»,- ասել է Միրզոյանը: