Human Rights House Foundation-ը ՀՀ նախագահից ու գլխավոր դատախազից պահանջում է ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին

Human Rights House Foundation-ը ՀՀ նախագահից ու գլխավոր դատախազից պահանջում է ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին
Human Rights House Foundation-ը ՀՀ նախագահից ու գլխավոր դատախազից պահանջում է ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին

Human Rights House Foundation միջազգային կազմակերպությունը ազատազրկման մեջ գտնվող լրագրող Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանին եւ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին`կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրան :
«Human Rights House Foundation-ի անդամները լրջորեն անհանգստացած են քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա կատարված վերջին հարձակումներով եւ կոչ են անում Հայաստանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել նրան:
Նիկոլ Փաշինյանը` 35 տարեկան, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է եւ ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ, ով դատապարտվել է իր քաղաքական հայացքների համար:

2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո նա մասնակցել է ընդդիմության կողմից կազմակերպված 2008 թվականի մարտի 1-2-ի ցույցերին եւ հանրահավաքներին: Իշխանություննրը դաժանաբար ցրել են հանրահավաքները եւ օգտագործել անհամաչափ ուժ, ինչը 10 մահվան եւ ավելի քան 130 վիրավորների պատճառ է դարձել: Փաշինյանը մեղադրվել է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո կատարված դեպքերի ժամանակ իշխանությունների դեմ բռնություն հրահրելու եւ զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ»:

Նշենք, որ Human Rights House Foundation կազմակերպությունը համագործակցության ֆորում է, որը միավորում է  70 հասարակական կազմակերպությունների՝ աշխարհի 15 երկրներում` Արեւմտյան Բալկաններում, Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում, Արեւելյան Աֆրիկայում եւ Արեւմտյան Եվրոպայում: Կազմակերպության նպատակն է պաշտպանել եւ աջակցել իրավապաշտպաններին եւ նրանց կազմակերպությունները: Այս հիմնադրամը հիմնադրվել է Օսլոյում/Նորվեգիա/ եւ Ժնեւում/ Շվեյցարիա/:

© Medialab.am