Հայկ Մարությանը հերքում է իր կնոջ մասնակցությունը քաղաքապետարանում նշանակումներ անելու լուրերը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ վերջերս մամուլում տարածված հրապարակմանն այն մասին, թե իր կինը միջամտում է քաղաքապետարանում նշանակումների հարցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարությանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք և՛ օրենքով, և՛ դե ֆակտո չի կարող խառնվել Երևանի քաղաքապետարանի նշանակումների հարցին: Բնականաբար, այդ անձանց թվում բոլորն են: Ե՛վ իմ կինը, և՛ իմ ընկերները հենց առաջին օրվանից օգնում են, որ մենք կարողանանք մեր խոստումներն իրականացնել: Կինս և իր ընկերները օգնել են մեզ, զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5.3 մլն եվրո դրամաշնորհ լինի Երևան քաղաքի համար: Այդ ամենը կապ չունի քաղաքապետարանի և կառավարության հետ, իրենք այդ ծրագիրն իմ խնդրանքով գրել են, ներկայացվել է քաղաքապետարան, մենք դիմել ենք և մեծ մրցույթում, որտեղ մասնակցել են  բազմաթիվ քաղաքներ՝ հաղթել ենք: Խոսքը վտանգավոր թափոնների ծրագրի մասին է»,- հայտնեց քաղաքապետը: