Բողոքի ցույց` ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացման

Բողոքի ցույց` ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացման
Բողոքի ցույց` ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացման

Այսօր` ժամը 18.00-ին  նախագահական նստավայրի առջև տեղի կունենա բողոքի ցույց` օտարալեզու դպրոցների դեմ շարժմանը միացած մտավորականների, հասարակական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ:
Ցույցի մասնակիցները աշխատակազմի միջոցով Սերժ Սարգսյանին կփոխանցեն նախօրոք հարյուրավոր մարդկանց կողմից ստորագրված պահանջագիրը` չստորագրել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որն Ազգային ժողովն ընդունել է դեկտեմբերի 22-ին:
«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում խնդրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին մասնակցել բողոքի այս կարևորագույն միջոցառմանը:

Անցած 8 երկարուձիգ ամիսների ընթացքում օտարալեզու դպրոցներ բացելու` իշխանությունների ծրագրի կապակցությամբ իրենց անհամաձայնությունն այս կամ այն կերպ արտահայտել են հազարավոր մարդիկ, նրանցից մի քանի հարյուրը գոնե մեկ անգամ մասնակցել են բողոքի ակցիաներին:

«Հասել է մեկտեղվելու և մեր իրական ուժն ու վրդովմունքը արտահայտելու ժամանակը: Սերժ Սարգսյանին պետք է ի վերջո ցույց տալ, թե ինչ ուժի դեմ են այս ընթացքում գործել իր նշանակած վարչապետն ու ԿԳ նախարարը, ում բողոքն է պատրաստվում արհամարհել նա` ստորագրելով այդ դավաճանական փաստաթուղթը: Լինի դա ուսանող, թե ակադեմիկոս, երաժիշտ, թե հրապարակախոս, գրող, ռեժիսոր, լրագրող, նկարիչ, դասախոս. բոլորս պարտավոր ենք այդ օրը, այդ ժամին լինել Բաղրամյան 26-ում` անգամ հաշվի չառնելով` մեր գործողություններն արդյունքի բերլու են, թե ոչ: Սա տեսակի առանձնացման խնդիր է»,-նշված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

© Medialab.am