Ապրիլյան պատերազմ. Մեր սխրանքների անարդյունք քառօրյան

Ապրիլյան պատերազմ. Մեր սխրանքների անարդյունք քառօրյան
Ապրիլյան պատերազմ. Մեր սխրանքների անարդյունք քառօրյան

Երկու տարի առաջ Հայաստանում օդը չէր հերիքում։ Ադրբեջանը նոր պատերազմ էր սկսել։ Ինչպես ավելի ուշ պարզվեց՝ պատրաստ չէինք։ Իշխանությունը դա շատ հասկանալի բացատրեց՝ ամայի տարածքների համար ինչո՞ւ կռվել, ինչո՞ւ ողբալ։

Ավելի քան 100 զոհ։ Իշխանությանը մնում էր ասել, թե ուրիշ ի՞նչ ամայի տարածքներ կան ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, որ երբ վաղը կրկին պատերազմ լինի, մեր տղաների կյանքով չհատուցենք, մի կողմ քաշվենք, թող գան վերցնեն։

Իսկ չէ՞ որ խնդիրն ամենևին էլ ամայի տարածքները չէին։ Ոչ էլ նույնիսկ 80-ականների զենքը։

Նույնիսկ 90-ականների հաղթանակի դափնիների վրա քնելը չէր խնդիրը։ Խնդիրն այն է, որ իշխանության համար սահման պահելը կյանքի գին չէ։

Այսինքն՝սահմանին մեռնողը մարդահաշիվ չէ։ Որովհետև իրենց որդիները չեն։ Ահա ինչու 4 օրում այդքան շատ զոհ ունեցանք։ Հետո պարզվեց, որ անորակ բենզին է մատակարարվել տանկերին, պարզվեց, որ նույնիսկ զենքը ժամանակին տեղ չէր հասնում։

Մայրերն այստեղ թթվածնի պակաս ունեն, իսկ ոմանք նրանց անվտանգության հաշվին փող են աշխատում։

2012-ի խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանն ուղղակի բղավում էր, որ մեր զենքերը լինելու են նորագույն։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ մեր տղաները կռվում էին խորհրդային արտադրության զենքերով, դեռ մուննաթ է գալիս, թե ի՞նչ տարօրինակ բան կա 80-ականների զենքով կռվելու մեջ։

Ոչ մի տարօրինակ բան։

Ուղղակի հաշվի առեք, որ երբ հակառակորդը գալիս է, էդ 80-ականների զենքերով կրակել է պետք, պաշտպանվել է պետք։ Ու եթե նա նման բան է ասում, իրականում հանգստացնում է զինվորականներին՝ ոչ մեկիդ գլուխը չի թռնելու։ Այդպես էլ եղավ։ Այդպես էլ լինելու է նոր պատերազմի պարագայում։

Որովհետև մարդը փող չէ, զենքն է փող։ Մարդը փող է, երբ նրան պարտականություններ ես վերագրում։ Ասենք, նրան անվանում ես զինվոր։ Այսինքն՝ նրան պետության սահմանների պաշտպան դարձնելու համար միջոցներ ես նախատեսում։ Բայց եթե նա զենք չունի, ինչո՞վ է զինվոր։

Ինքն իրենով Սերժ Սարգսյանը փող չէ։ Բայց երբ նրան վերագրում ես նախագահի պաշտոն, բյուջեն սկսում է զբաղվել նրանով։ Մեր իշխանությունը սարսափելի է թեկուզ նրանով, որ ապրիլյանի օրերին մեր զինվորը նախագահ չէր, բայց ՊՆ-ի շքեղ ավտոմեքենաներով գեներալները բանակում Հռոմի պապ են։

Բայց այն պահից, երբ Սերժ Սարգսյանը կամ Վիգեն Սարգսյանը դառնում են փող, մեր զինվորը վախենալու բան ունի, մեր մայրերի գիշերներն ավելի անքուն են դառնալու։ Որովհետև, ընկերներ, ապրիլյան պատերազմը մեր կյանքում ոչինչ չփոխեց։ Դրանից հետո հասարակության որակն ավելի է ընկել։

Սերժ Սարգսյանն անձամբ երկու համապետական իրադարձություն կեղծեց՝ հանրաքվե և ԱԺ ընտրություն։

Այսինքն՝ կեղտոտ էինք, մնացինք կեղտոտված, պատերազմը մեզ չմաքրեց։

Ինքը ցույց տվեց մեր կեղտերը, բայց դրանք մաքրելու ոչ մի կամք արդեն չկա։ Որովհետև, և դա ամենասարսափելին է, երբ ժողովրդի որակն ընկնում է, ինքը դադարում է լինել պետական միավոր, սահման պահելը դառնում է ինքնանպատակ, այլևս Հայրենիքի հետ կապ չունի։

Եթե կապ ունենար, պարելով կգնային ու չէին էլ նայի, որ դիմացինը Թալիշ գյուղի ծերունիներին գլխատելու ընդունակ հակառակորդ է։

Ռոբերտ Աբաջյանի կամ Քյարամ Սլոյանի սխրանքներից հետո իշխանությունն ավելի սարսափելի պահեց իրեն՝ իսկ դո՞ւ ինչ ես արել Արցախի համար։ Եվ դու ո՞ւմ բացատրես, որ Արցախի համար կա արդեն Հայաստանի Հանրապետությունը, որը ես եմ, իմ հարևանն է։

Եվ չես կարող հասարակությանը 10 հազար դրամի «աբուզին» պահել ու հարցնել, թե ինչ է արել Արցախի համար։

Արցախի համար ինքը Վիգեն Սարգսյան է պահում, որն ապագա կամ նախկին զինվորին ասում է՝ բոշան դու ես։

Ապրիլյան պատերազմը մեր արդեն ոչինչ չնշանակող ողբերգությունն է, որովհետև այդ օրերն այլևս չեն տարբերվում այս օրերից՝ ի՞նչ տարբերություն, թե մենք երբ մենք չենք։

Մհեր Արշակյան

MediaLab.am