Գեղարքունիքի մարզի ճանապարհների դժվարանցանելի հատվածներում իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզում փետրվարի 12-13-ի ընթացքում տեղացած ձյան եւ բքի պատճառով պահպանվել է դժվարանցանելի իրավիճակը միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին:

Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տվյալներով, փետրվարի 13-ի ժամը 11:30-ի դրությամբ մարզի ճանապարհների հիմնական մասի անցանելիությունն ապահովված է, իսկ որոշ ուղղություններում ճանապարհաշինարարները շարունակում են մաքրման եւ աղով ու ավազով մշակման աշխատանքները:

«Ճանապարհների մաքրման աշխատանքներ այս պահին ընթանում են Ճամբարակի, Վարդենյաց ու Սոթքի լեռնացքներում, Վարդենիսի տարածքի որոշ հատվածներում՝ Տրետուքում, Կութում, Ախպրաձորում, Գեղաքարում, Վերին Գետաշեն-Մադինա հատվածում: Ճանապարհաշինարարները վերջին երեք օրերին աշխատել են շուրջօրյա ռեժիմով եւ գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի ապահովեն ճանապարհների անցանելիությունը:

Միջպետական, հանրապետական ու մարզային ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույցը պահպանված է: Եթե բուքը չսաստկանա, մինչեւ այսօր երեկոյան ճանապարհների լիարժեք անցանելիությունը կապահովվի բոլոր ուղղություններում»,-նշեց տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը: 

Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը: