Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:
Նախքան քննարկումը Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Ուզում եմ արձանագրել՝ կան առաջին նախանշանները, որ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման փուլում: Եվ այդ նախանշանները կապված են, իհարկե, առաջին հերթին պատվաստանյութերի արտադրության ծավալների հետ:
Ըստ էության, այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում, գոնե վերջին շաբաթվա տվյալներով կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ կորոնավիրուսի ամենաօրյա թվերի և միտումների որոշակի նվազում ունենք:
Այս համատեքստում նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր բուժաշխատողներին, Առողջապահության նախարարությանը, որովհետև կարծում եմ, որ հենց առաջին օրերից պատվով ենք դիմակայել համավարակին: Բայց այսօր մեր խնդիրների բովանդակությունը պետք է քայլ առ քայլ փոփոխության ենթարկվի:
Մեր նպատակը պետք է լինի պատվաստումների հնարավորինս մեծ ծավալով իրականացումը: Ընդ որում, այստեղ առաջին հերթին կա, իհարկե, առողջապահական բաղադրիչ, բայց ուզում եմ ընդգծել նաև տնտեսական և քաղաքակրթական բաղադրիչը: Մենք հիմա կարող ենք արձանագրել, որ տուրիզմի ոլորտում սկսել է թույլ աշխուժություն նկատվել:
Նաև ուզում եմ ընդգծել՝ կան բոլոր հիմքերը մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում մենք պատրաստել ենք, այսպես ասած, «կանաչ անձնագրերի» էլեկտրոնային պլատֆորմը, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեր քաղաքացիներն իրենց հեռախոսների մեջ ունենան պատվաստումը հավաստող տեղեկատվություն, որը նրանց հնարավորություն կտա ճամփորդել սահմանափակումների առկայության պայմաններում:
Մյուս կողմից շատ կարևոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլև Հայաստան եկողների բնականոն և հարաճուն հոսքերն ապահովելը: Այս առումով, կարծում եմ՝ ակնհայտ է, որ աշխարհում հիմա երկրները գնահատվում են ըստ նրա, թե բնակչության քանի տոկոսն է ստացել պատվաստում: Եվ այն երկրները, որտեղ պատվաստման տոկոսները բարձր են՝ համարվում են ցանկալի ուղղություն տուրիզմի համար:
Իհարկե, պետք է արձանագրել, որ ինչպես այլ պատվաստանյութերի դեպքում, առավել ևս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ կապված կան բազմաթիվ շահարկումներ, քննարկումներ:
Բայց դարձյալ ուզում եմ կրկնել հետևյալ օրինակը. ասվում է, որ 200 մլն պատվաստվածների շրջանում արձանագրվել է մի քանի տասնյակ անցանկալի դեպք, որի պատճառահետևանքային կապը դեռ պետք է հետազոտվի:
Կարծում եմ՝ եթե ուղղակի 200 մլն մարդու էքսպերիմենտալ եղանակով խնդրենք մի բաժակ սովորական ջուր ուղղակի խմել և հետազոտենք, պարտադիր մի քանի տասնյակ անցանկալի դեպք կարձանագրվի, որովհետև մարդիկ, իհարկե, միայն կորոնավիրուսի կամ միայն ջրի հետ չէ, որ հարաբերվում են, ունեն ամենատարբեր առողջական խնդիրներ ու անկախ դրանից էլ կարող են որոշակի անցանկալի իրավիճակների առաջ կանգնել»:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի պատվաստումը Հայաստանի Հանրապետությունում դառնա համատարած: «Չեմ ուզում ասել՝ համընդհանուր, բայց պետք է լինի համատարած:
Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվը մի փոքր ավել է 5000-ից: Ուզում եմ արձանագրենք, որ դա ամենևին էլ բավարար ցուցանիշ չէ, և մենք պետք է մեր ամենօրյա տեմպերն առնվազն կրկնապատկենք ու շատ դա արագ պետք է անենք:
Իհարկե, մյուս կողմից չպետք է մոռանանք հակահամաճարակային կանոնների պահպանման մասին, որովհետև պատվաստումն ինքնին չի նշանակում, թե ամեն ինչ ավարտվել է: Պատվաստումը նշանակում է, որ մենք այդ ամենն ավարտելու հնարավորություն ենք ստանում, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի որակով կօգտագործենք այդ հնարավորությունը:
Այնպես, որ ես շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր բարձրաստիճան պետական պաշտոնյաները պատվաստման օրինակ են ցույց տալիս:
Ինքս էլ պատվաստվել եմ ու կարող եմ ասել, որ պատվաստումից հետո ընդհանրապես ինքնազգացողության ոչ մի փոփոխություն չեմ զգացել, և լավ է, որ դրանից հետո Ազգային ժողովում մի քանի ժամ անցկացրել եմ տեսախցիկների առաջ: Նաև պատվաստված մեր մյուս գործընկերներից եմ հետաքրքրվել, և որևէ մեկն աշխատունակության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել:
Կրկին կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին: Պատվաստանյութերի խմբաքանակը քիչ էր, սկզբից նպատակադրումն այն էր, որ որոշակի տարիքային խմբի նկատմամբ իրականացնենք պատվաստումը, բայց երբ արդեն կարողացանք պատվաստանյութերի բավական ծավալներ ձեռք բերել, խմբաքանակ ձեռք բերել, հիմա մեր երկրում 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր քաղաքացի կարող է պատվաստվել, ընդ որում՝ անվճար: Ես երեկ մի միջավայրում քննարկելիս նկատեցի՝ ոչ բոլոր քաղաքացիներն են արձանագրել, որ պատվաստումներն անվճար են:
Մարդիկ շատ դեպքերում մտածում են, թե դրա համար պիտի վճարեն և այլն: Ուզում եմ արձանագրենք, որ պատվաստումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է անվճար, ավելի ճիշտ՝ պետական բյուջեի հաշվին: Եվ այս առումով քաղաքացիները վճարելու հետ կապված որևէ հարց չունեն: Այս տեղեկատվությունը պետք է անընդհատ հրապարակել:
Մեզ թվում է, թե նույնիսկ կառավարության նիստում, Ազգային ժողովի ամբիոնից, հարցազրույցներում ինչ-որ բան ասացինք, դա արդեն դառնում է հանրության սեփականությունը, ամենևին այդպես չէ, պետք է անհոգնել, անընդհատ, ամենօրյա ռեժիմով այս ամբողջ տեղեկատվությունը տրվի: Ամեն օր պետք է տարվի համապատասխան տեղեկատվական աշխատանք: Եվ շատ կարևոր է այս փուլում օպերատիվ կերպով, փաստարկված, համոզիչ, ապացուցելի արձագանքել ապատեղեկատվությանը:
Որովհետև հիմա համոզված եմ՝ կրկին ինչ-որ ահասարսուռ տեսարանների կամ դեպքերի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ կտարածեն, այդ թվում՝ քաղաքական նպատակներով: Այնպես որ պետք է շատ ուշադիր լինել և այս առիթն օգտագործել՝ հակապատվաստումային դիսկուրսն ընդհանրապես վերացնելու համար:
Որովհետև մենք հիմա կորոնավիրուսի հետ կապված ենք խոսում, բայց կորոնավիրուսից առաջ արդեն այդ խնդիրն ունեինք՝ անընդհատ հակապատվաստումային արշավները չգիտեմ ինչ նպատակներով իրականացվում են:
Եվ փորձը ցույց է տվել, որ այն դեպքերում, երբ հիվանդությունների կանխարգելման տրամաբանությամբ իրականացրել ենք պատշաճ ծավալների պատվաստումներ, մենք, ըստ էության, այդ հիվանդությունները հաղթահարել ենք՝ տարիներով այդ հիվանդացության ընդհանրապես ոչ մի դեպք չունենալով:
Այնպես, որ այդ տեղեկատվությունները, որ մենք աշխատանքային կարգով առնչվում ենք, դա պետք է նաև հանրությանը ներկայացնել, ցույց տալ իրավիճակները, թե պատվաստումների տոկոսների նվազումներն ինչպիսի դինամիկա են բերել հիվանդացությունների առումով: Այս տրամաբանությունը պետք է իրազեկել մարդկանց և թափանցիկ լինել, որպեսզի մարդկանց մոտ կասկածներ այս առումով չառաջանան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև առողջապահության ոլորտում կատարած մի քանի աշխատանքների և նկատել, որ ծավալն իրականում շատ մեծ է: Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է հատկապես երկու ծրագիր:
«Առաջին ծրագիրը, որը շատ կարևորում եմ, այն է, երբ մենք 2019 թվականից պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներին ներառեցինք պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում իրականացվող բուժօգնության ծրագրի մեջ:
Ուզում եմ արձանագրել, որ այս դեպքում էլ ծրագրի նպատակը ոչ միայն առողջապահական էր, այլև համոզված ենք, որ այսպիսի ծրագրերով ենք աջակցում Զինված ուժերին մարտունակության բարձրացման հարցում: Որովհետև երբ զինվորը, այսպես ասած, հետ չի նայում, թե իր հիվանդ ծնողի առողջապահական կարիքներն ինչպես պետք է հոգա կամ կհոգա արդյոք որևէ մեկը, դա փոխում է նաև հոգեբանական իրավիճակը:
Այսօր այս շեշտադրումն անելը շատ կարևոր է, որովհետև շատ է խոսվում, հասկանալի պատճառներով, Զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից կատարված աշխատանքներն ընդգծել են ոչ միայն սպառազինության ձեռքբերումը, ոչ միայն Զինված ուժերում աշխատավարձերի բարձրացումը, ոչ միայն սննդի նոր համակարգի ներդրումը, այլև առողջապահական ծրագրերը, որոնք շատ կարևոր են:
Երկրորդը՝ մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային ծառայությունները նույնպես պետպատվերով իրականացնելը: Իրականում այս ծրագիրը նույնպես շատ լուրջ բովանդակային խորք ունի, որի մասին մենք չենք խոսել և որի մասին հիմա էլ պետք է խոսենք զգուշությամբ: Ինչի՞ մասին է խոսքը:
Մենք, ցավոք, արձանագրել ենք դեռևս 2018 թվականին, որ 18 տարեկան մեր տղաների ճնշող մեծամասնությունն ունի առողջական խնդիրներ, այսինքն այս ծրագիրը հենց այնպես չի ծնվել կամ ասենք ճաշակի կամ ինչ-որ հանգամանքի բերումով չի ծնվել:
Ճնշող մեծամասնությունն ունեն առողջական խնդիրներ, և սա ուղղակի կարծում եմ, որ մեր պետության, մեր ամենամեծ ձախողումներից մեկն է եղել, երբ 18 տարեկան ասելով հասկանում ենք, թե ինչ նկատի ունենք, երբ ճշնող մեծամասնությունը, ես չեմ ուզում թվեր հրապարակել, ունի առողջական խնդիրներ: Բայց ես, մյուս կողմից, ուզում եմ ասել, որ մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային ծառայությունները պետպատվերի շրջանակում իրականացնելը չէ, որ հարցի լուծում է: Դա պայքար է հետևանքների դեմ:
Այս առումով շատ կարևոր եմ համարում, որ մեր կրթական համակարգում ի վերջո կարողանանք պատշաճ ձևով իրականացնել ֆիզկուլտուրայի դասերը, որովհետև նույնիսկ ամենալավ պայմաններ ունեցող դպրոցներում մարզադահլիճներ և այլն, միշտ չէ, որ ֆիզկուլտուրայի դասերն իրականացվում են պատշաճ մակարդակով:
Ես, օրինակ, մի քանի տեղեր, երբ այցելել եմ, ընդհուպ այդ այցերը չհայտարարված չեն եղել, այսինքն՝ նախապես իմացել են, որ գնալու եմ, մտել ենք ֆիզկուլտուրայի դահլիճ՝ տեսել եմ, որ երեխաները ջինսերով, զբոսանքի շորերով ինչ-որ անկանոն շարժումներ են անում ֆիզկուլտուրայի դահլիճում: Այդ պահին թվում է, թե երեխաներ են, լավ, թող վազվզեն, պետք չէ, սակայն դա արդյունքում բերում է խնդիրների, իհարկե ոչ միայն դա, սկսած՝ սննդակարգից, սպորտի, մանկապատանեկան սպորտի մակարդակից:
Իհարկե, սրանք շղթայական խնդիրներ են, որոնց մի մասով պետք է զբաղվի Առողջապահության նախարարությունը: Պրոֆիլակտիկ բուժհետազոտությունները, սպասարկումը շատ կարևոր են: Բայց մենք այս առումով մեծ բարդություններ ունենք և պետք է խոսենք այդ բարդությունների մասին:
Ճիշտ է մինչև հիմա մենք այլ և այլ պատճառներով, հասկանալի պատճառներով շատ չենք խոսել այս թեմաների մասին, բայց պետք է արձանագրենք, որ ընդհանրապես մեր հանրության և առավել ևս պատանիների, երեխաների շրջանում առողջության հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք:
Այդ խնդիրների լուծումը, ինչպես ասացի, միայն Առողջապահության նախարարության գործունեության սահմաններում չի կարող տեղավորվել:
Բայց մյուս կողմից կարող ենք արձանագրել, որ առողջապահական ենթակառուցվածքների զարգացման օրակարգն ենք շատ կարևորում: Կարող ենք արձանագրել, որ վերջին շրջանում շահագործման են հանձնվել Արտաշատի բժշկական կենտրոնը, Սևանի բժշկական կենտրոնը, ինչպես նաև 2020 թվականից մեկնարկել է Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքը, շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին:
Բացի այդ 2021 թվականին մեկնարկել են ևս 6 բժշկական կենտրոնների և կազմակերպությունների նորոգման և վերազինման աշխատանքները: Խոսքը հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի մասին է, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, Սիսիանի բժշկական կենտրոնի, Թալինի բժշկական կենտրոնի, Չարենցավանի բժշկական կենտրոնի, Ծաղկահովիտի առողջության կենտրոնի մասին է, նաև Վայոց Ձորի մարզում կկառուցվի նոր մարզային հիվանդանոցի շենքը, որը կհագեցվի անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:
Իհարկե կան նաև ևս մի քանի ծրագրեր, որոնց մասին հրապարակային խոսել ենք, և մենք հետևողական այս աշխատանքը կիրականացնենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է վերջին տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին: Մասնավորապես, տիկին Ավանեսյանը նշել է, որ նշված ժամանակահատվածում առողջապահական ներուժն ուղղված է եղել կորոնավիրուսի դեմ պայքարին ու պատերազմի հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժօգնության ապահովմանը:
Նշվել է, որ գրեթե ողջ կարողությունները ծառայեցվել են այս խնդիրների լուծմանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ արդեն իսկ ողջ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Այն երկրներում, որոնց քաղաքացիների զգալի մասը պատվաստվել է, արձանագրվում են կորոնավիրուսի դեպքերի կտրուկ նվազումներ:
Նախարարության առաջնային խնդիրն է այսօր իրականացնել պատվաստման լայնածավալ գործընթաց: Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ մեր երկիրը կառավարության ջանքերի արդյունքում պատվաստանյութի խնդիր չունի ի տարբերություն աշխարհի այլ պետությունների:
Զեկուցվել է, որ Երևանում և մարզերում կլինեն նաև շրջիկ կետեր, որոնք ևս կիրականացնեն պատվաստումներ, իսկ պոլիկլինիկաները գործելու են նաև շաբաթ ու կիրակի օրերին:
Անդրադառնալով պատերազմի հետևանքով վիրավորված քաղաքացիներին բուժօգնությանը՝ տիկին Ավանեսյանը զեկուցել է, որ վերջիններիս տրամադրվում են վերականգնողական լիարժեք ծառայություններ նաև բուժկենտրոնների տեխնիկական հագեցվածության ապահովման ու վերազինման արդյունքում:
Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ իրականացվել է պատերազմի զոհերի 3 հազար 750 անձի ԴՆԹ փորձանմուշ, տրվել է 3 հազար 396 անձի մահվան վկայական: ԴՆԹ փորձանմուշների գործընթացը շարունակվում է, աշխատանքները կազմակերպվում են նաև Ռուսաստանի Դաշնության և Նիդերլանդների գործընկերների հետ համագործակցությամբ:
Զեկուցվել է, որ այս ընթացքում ապահովվել է գերիների, անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների, Արցախի մեր հայրենակիցների բուժօգնությունը, մատուցվել են անհրաժեշտ բժշկական ծառայությունները:
Տեղեկացվել է, որ արդյունավետ կերպով ընթացքի մեջ է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կառավարության որոշումը:
Դրանում կատարված փոփոխությունները միտված են Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները մեղմելուն, պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնություն տրամադրելուն, նրանց իրավունքներն օրենսդրորեն սահմանելուն և դրանց իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորելուն:
Որոշմամբ հնարավորություն է տրվում պատերազմի հետևանքով որդեկորույս ծնողներին` ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից: Զեկուցվել է, որ այս ծրագրից արդեն իսկ օգտվում է 68 ծնող:
Պատասխանատուներն ընդգծել են, որ առանձնակի ուշադրության կենտրոնում է գտնվում մոր և մանկան առողջության ապահովման խնդիրը, իրականացվող ծրագրերը ակնառու են դարձնում ծրագրերի արդյունավետությունը: Տեղեկացվել է, որ 2019 թվականին մեր երկրում արձանագրվել է մայրական մահացության 13 դեպք, իսկ 2020-ին՝ 7, որոնցից 5-ը կորոնավիրուսի հետևանքով: Ընթացիկ տարվա ընթացքում արձանագրվել է մայրական մահացության 6 դեպք, որոնցից 4-ը նույնպես կորոնավիրուսի հետևանքով:
Հանրային առողջության ապահովմանը, դատաբժշկական ծառայությունների կազմակերպմանը, էլեկտրոնային առողջապահական համակարգի, սերվերային հզորությունների զարգացմանը:
Զեկուցվել է նաև, որ առողջապահության ոլորտում 2021 թվականին նախատեսվում են 3 մլրդ դրամի կապիտալ ծրագրեր, որոնց արդյունքում հանրապետությունում կկառուցվեն ու կվերակառուցվեն 7 բժշկական կենտրոններ: Նշվել է, որ արդեն իսկ պատրաստ են ևս մի քանի ԲԿ-ների կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերաբաշխումների միջոցով հատկացնել անհրաժեշտ միջոցները՝ ծրագրերն իրականացնելու նպատակով:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։