Կառավարությունը կաջակցի զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի հարցում

Կառավարությունը հաստատեց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Մկրտչյանը հիշեցրեց, որ 2022 թվականի հունվարին հաստատվել է մի նախագիծ, համաձայն որի՝ մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ծնողները վերարտադրողական բուժօգնության և փոխնակ մոր ծառայության միջոցով հնարավորություն են ստացել երեխա ունենալու։

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն տասնյակ ընտանիքներում ծնվել են երեխաներ, և այդ երեխաների խնամքն արդյունավետ և պատշաճ կազմակերպելու նպատակով այս նախագծով առաջարկում ենք հնարավորություն տալ կազմակերպելու դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունների միջոցով։ Նախատեսում ենք 104 հազար դրամի սահմանում տրամադրել աջակցություն, որպեսզի խնամքի ծառայությունները՝ դայակի և նախադպրոցական հաստատությունների միջոցով կազմակերպվի»,- ասաց Մկրտչյանը։

104 հազար դրամը վճարվելու է ամսական կտրվածքով՝  երեխայի խնամքը դայակի կամ հաստատության միջոցով օրական առնվազն վեց ժամով կազմակերպելու համար։ 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը տեղեկացրեց, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությամբ զոհված զինծառայողների ընտանիքում ծնվել է 54 երեխա։

«Պարոն Մկրտչյանի ներկայացրած ծրագրով ծնվել է 32 երեխա, մնացած շահառուները գտնվում են բուժման տարբեր փուլերում, նաև ունենք հղի կանայք»,- նշեց Նանուշյանը։