«Հնարավոր է, որ Հայաստանում գրանցված կորոնավիրուսի բրիտանական շտամը հենց տեղում է առաջացել, պարտադիր չէ, որ գար արտասահմանից»․ վարակաբան

Լուսանկարը՝ www.Mediamax.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, վարակաբան Հովակիմ Զաքարյանը

– Պարո՛ն Զաքարյան, հայտնի դարձավ, որ Հայաստանում մարտ ամսին հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք։ Այդ հետազոտություններին նաև մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի մասնագետներն են մասնակցում։ Որքանո՞վ է վտանգավոր այդ վիրուսը և ի՞նչ հավանականությամբ կարող է Հայաստանում մեծ տարածում գտնել։

– Դա տարբերակներից մեկն է, վիրուսի բազմաթիվ տարբերակներ կան, որոնք անընդհատ առաջանում են։ Դրանցից մեկն այն է, ինչի մասին դուք խոսում եք։ Մահաբերության առումով ոչ մի տարբերություն չկա բրիտանական շտամի ու այս կորոնավիրուսի միջև։ Ուղղակի տվյալ շտամն ավելի արագ է տարածվում։

– Իսկ այլ մուտացիաներ կարո՞ղ են տեղի ունենալ։

– Բնականաբար այո։ Ոչ թե կարող են լինել, այլ անընդհատ լինում են։ Դրա մի տարբերակը այս բրիտանական շտամն է։

– Իսկ հնարավո՞ր է՝ Հայաստանում գրանցվածը այլ մուտացիա է, թե՞ հենց Բրիտանիայում գրանցված տեսակն է։

– Տեսականորեն հնարավոր է, որ նաև Հայաստանում տեղի ունենա այդ փոփոխությունը, պարտադիր չէ, որ դա գար արտասահմանից, որովհետև այդ փոփոխություններն անընդհատ տեղի են ունենում։ Եվ հավանական է, որ այն հատվածը, որտեղ այդ մուտացիան տեղի է ունեցել, տարբեր երկրներում անընդհատ փոփոխության է ենթարկվում։ Ես անընդհատ տարբեր ելույթներում նշում եմ, որ ինչքան վիրուսը տարածվում է, այնքան նոր ենթատեսակներ առաջանալու հավանականությունը մեծ է, որովհետև վիրուսը շատ փոփոխական է։

Աշխարհում սկիզբ առած պատվաստման գործընթացը ի՞նչ կարող է փոխել, կարո՞ղ է կանխել նոր ենթատեսակների առաջացումը։

– Պատվաստումը կարող է գլոբալ կանխել վիրուսի տարածումը։ Հետևաբար, եթե վիրուսի տարածումը կանխվում է, վիրուսն այլևս չի վարակում նոր մարդկանց, նաև նոր ենթատեսակներ չեն առաջանում, նոր մուտացիաներ չեն լինում։ Եվ վիրուսը աստիճանաբար չմտնելով մեր օրգանիզմ՝ վերանում է։

– Տեսականորեն կա՞ հնարավորություն, որ բրիտանական շտամը կարող է մեծ տարածում ունենալ Հայաստանում։

– Իհարկե կարող է, ինչպես մնացած բոլոր երկրներում։ Եթե վիրուսը տարածվում է, եթե մարդիկ պատվաստված չեն, չեն հետևում կանոններին և վարակվում են, կարող է նաև այդ նոր ենթատեսակն էլ տարածվել։ Չտարածվելու որևէ պատճառ չկա։ 

– Ինչո՞վ եք բացատրում այս փուլում Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության աճը։ Արդյոք սա հերթակա՞ն ալիքն է, կարո՞ղ է առաջիկայում դարձյալ մարել։

– Որևէ նոր բան չկա։ Սովորաբար, երբ համավարակ է լինում, պայմանական ասած, ալիքներով է տեղի ունենում՝ գալիս հասնում է ինչ-որ պիկի, հետո նվազում է՝ տարբեր պատճառներով։

Այդ պատճառները կարող են շատ տարբեր լինել՝ մարդկանց վարքը, երբ սկսում են խստորեն հետևել կանոններին, աստիճանաբար նվազում է։ Հետո կանոնները սկսում են նվազել, էլի աստիճանաբար ավելանում է, և այդպես երկրորդ, երրորդ, չորրորդ ալիքներ են լինում։

Կարող են դեր խաղալ նաև բնակլիմայական պայմանները։ Կարող է լինել նաև չորրորդ, հինգերորդ ալիք։

Նոր դեպքերի կտրուկ աճը և հետո դրանց կտրուկ նվազումը անընդհատ միմյանց հաջորդելու են, դրանում որևէ արտառոց բան չկա։ Այնքան ժամանակ դա կլինի, մինչև կա՛մ բոլորը կվարակվեն, կա՛մ էլ բոլորը կպատվաստվեն։ Եթե սպասենք նրան, որ բոլորը պետք է վարակվեն, դա տարիներ կտևի։

Այսինքն՝ Հայաստանում բնական իմունային շերտը դեռ ձևավորված չէ՞։

– Ո՛չ, որովհետև եթե ընդունենք, որ իրականում վարակվածների թիվը պաշտոնապես գրանցված վարակվածների թվից 5 անգամ ավելի է, նորից այդ թիվը շատ փոքր է, որպեսզի բնական պոպուլյացիոն իմունիտետ առաջանա։

Որպեսզի պոպուլյացիոն իմունիտետ առաջանա, պետք է բնակչության առնվազն 80-90 տոկոսը վարակված լինի, բայց նույնիսկ դա էլ չի նշանակում, որ այդ իմունիտետը կառաջանա, որովհետև մենք դեռ չգիտենք, թե բնական եղանակով վարակված և առողջացած մարդու իմունային համակարգը որքա՞ն ժամանակ է հիշողություն ունենում տվյալ վիրուսի հանդեպ։

Միգուցե ունենում է վեց ամիս, միգուցե՝ մեկ տարի կամ ավելի ժամկետով։ Ժամանակը դա ցույց կտա, հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են։ Քանի դեռ նման տվյալներ չկան, հույսը դնել բնական միջոցների վրա, այդքան էլ ճիշտ չէ։

– Այսինքն՝ միայն պատվաստանյութը կարո՞ղ է դուրս բերել մարդկությանն այս վիճակից։

– Այո՛, այսօր այլընտրանք չկա։ Կամ էլ՝ մեկուսանալը։ Եթե ամբողջ երկիրը կարող է գլոբալ մեկուսանալ աշխարհից մեկ տարի ժամանակով, դա էլ կարող է լուծում լինել։ Բայց դրա տնտեսական հետևանքներն ավելի տխուր են։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am