Կարևոր է ճանաչել այս ողբերգությունը. Նիդերլանդների պատգամավորներն աջակցություն են հայտնում հայերին

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները կարևորում են հիշողությունը վառ պահելն ու աշխարհին Հայոց ցեղասպանության մասին հայտնի դարձնելը` դրա կրկնության բացառման համար: Պատգամավորներն այս մասին շեշտում են «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձներում:

Նիդերլանդների ազատական կուսակցության պատգամավոր Ռուբեն Բրեյքմանսը նշում է. «Այս սարսափելի ողբերգությունից արդեն անցել է 106 տարի: Եվ, քանի որ աշխարհում լարվածությունը մեծանում է, և բռնության սպառնալիքն իրական է, կարևոր է ճանաչել այս ողբերգությունը և գիտակցել, որ նման վայրագությունները երբեք չպետք է կրկնվեն»;

Պատգամավորը հավելում է, որ այս օրն իր մտքերը Հայաստանի և իր բոլոր հայ ընկերների հետ են:

Նիդերլանդների խորհրդարանի «Քրիստոնեական Միություն» կուսակցության ղեկավար ԽերտՅան Սեխերսն էլ նշում է, որ միշտ հայերի կողքին են կանգնել` առաջարկելով ավելի քան 100 տարի առաջ հայերի ցեղասպանության ճանաչման բանաձև, որը մեծամասնության սատարմամբ ընդունվել է: «Ողբերգական դրվագ, ողբերգական էջ է մեր պատմության գրքում: Եվ ինչու՞ է սա այդքան կարևոր: Ցանկացած ցեղասպանության վերջին փուլը դրա մերժումն է: Մենք չենք ընդունում ցեղասպանության ժխտումը: Այդ պատճառով առաջարկեցինք նման բանաձև»,-ասում է նա:

Պատգամավորը շեշտում է, որ հայերի հետ ուս ուսի տված՝ ցանկանում են ամեն կերպ աջակցել:

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Դերկ Յան Էփինքն էլ, որը մինչ այդ Եվրախորհրդարանի անդամ էր Բրյուսելում, հիշեցնում է, որ անցյալ տարի Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում, ինքը ևս խոսել է Հայոց ցեղասպանության մասին: «Շատ կարևոր է հիշողությունը վառ պահել և աշխարհին հայտնի դարձնել Հայաստանի պատմության այս իրադարձությունները, քանի որ կարևոր է դրանց կրկնության բացառումը»,- ասում է պատգամավորը:

Նա նշում է նաև, որ իր որդին հայերեն է սովորում ու խոսքը փոխանցում է նրան: «Ես ուսումնասիրում եմ հայոց լեզուն: Հետաքրքրում է ինձ հայկական հարուստ մշակույթը: Այս օրերին մեր բոլոր մտքերը ուղղված են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիատակին»,- ասում է պատգամավորի որդին`Սաշան: