ՔԿ ԶՔԳՎ կայազորային քննչական բաժինների կարիքների համար պետական միջոցներով ձեռք է բերվել 12 նոր ավտոմեքենա

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում տեղի է ունեցել կայազորային քննչական բաժինների համար պետական միջոցներով ձեռք բերված նոր ամենագնաց ավտոմեքենաների հանձնման արարողություն։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը 12 նոր «UAZ Patriot 3163» ամենագնաց ավտոմեքենաների հանձնման արարողության ընթացքում շնորհավորել է կայազորային քննչական բաժինների պետերին և համոզմունք հայտնել, որ տրանսպորտային միջոցները լավագույնս կծառայեն կայազորային քննչական բաժինների կողմից իրենց առջև դրված խնդիրներն առավել պատշաճ, օպերատիվ և արդյունավետ իրականացնելու նպատակներին։

Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից խնդիրը բարձրացվելուց հետո Կոմիտեի համար հրատապ նշանակություն ունցող այս կարիքին արագ արձագանքելու և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար։

«UAZ Patriot 3163» 12 ամենագնաց ավտոմեքենաները ձեռք են բերվել ՀՀ պետական բյուջեից հատկացված 132մլն. ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

Նման տեխնիկական նկարագրով ավտոմեքենաների ձեռքբերումը պայմանավորված է եղել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների քննիչների համար առավել բարդ, դժվարամատչելի տարածքներում քննչական գործողությունների կատարման, անձնակազմի տեղաշարժի արագությունն ու անվտանգությունն ապահովելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ։ Նման ռեսուրսի առկայությունն էապես խթանելու է Կայազորային քննչական բաժինների աշխատանքի արդյունավետությունը։