Կարո Փայլան․ «Աքշեներն ինձ գայլերի երախը նետեց»

Այն բանից հետո, երբ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան (մեջլիս), նրա դեմ ատելության խոսքեր ուղղվեցին Թուրքիայի իշխանական ու քաղաքական շրջանակների կողմից:

Թուրքիայի ազգայնական ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները Twitter-ում անդրադարձել էր Փայլանի այդ օրենսդրական նախաձեռնությանը՝ գրառելով. «Խստորեն դատապարտում եմ այն լկտիությունը, որը փորձում է ստիպել մեր ազգին խոնարհվել այսպես կոչված «ցեղասպանության» մասին օրինագծով»։

Փայլանը, ի պատասխան վերոհիշյալ ազգայնական գործչի այս հայտարարություններին, «Diken» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Աքշեներն իր այդ գրառմամբ արդեն կայծը տվել է։ 

«Ինձ շատ զարմացրեց այն, որ այդ բանը հենց ինքը սկսեց․․․ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր առաջարկ, այս առաջարկն էլ կարելի էր քննադատել, բայց Մերալ Աքշեներն ինձ գայլերի սեղանը (երախը-խմբ․) նետեց»,-ասել է նա։

Փայլանը նշելով, որ բազմաթիվ գործիչներից սպառնալիքներ է ստանում, հիշեցրել է Հրանտ Դինքի օրինակը, ով մի արտահայտության պատճառով թիրախում էր հայտնվել, «դավաճանի» պիտակ ստացել և արդյունքում սպանվել։ 

Ես մի բան գիտեմ, որ եթե երկրի նախագահը, իշխանության դաշնակիցը, նախարարներն ասել են «դավաճան», ինձ հետ ամեն պահի կարող են ամեն տեսակի սադրանքներ պատահել»,- ասել է մեջլիսի հայ պատգամավորը։

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը՝ հղումը անելով diken.com.tr-ին: