Վերաքննիչ դատարանը մերժել է «1in.am»-ի բողոքը Ռոբերտ Քոչարյանի դեմ

Վերաքննիչ դատարանը մերժել է «1in.am»-ի բողոքը Ռոբերտ Քոչարյանի դեմ
Վերաքննիչ դատարանը մերժել է «1in.am»-ի բողոքը Ռոբերտ Քոչարյանի դեմ

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության գործով պատասխանող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է:

Ինչպես տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը, հունիսի 13-ին  Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝  նախագահությամբ Նորա Կարապետյանի, դատավորներ  Նաիրա Մարգարյան և Անի Մխիթարյանի մասնակցությամբ, մերժել է  «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի կողմից՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ հունվարի 18-ի վճռի դեմ ներկայացրած բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատական ակտը:

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջին ատյանի դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի հայցը և պարտավորեցրել՝  «www.1in.am» լրատվական կայքում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակված չորս հոդվածներում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ հերքում հրապարկել այն մասին, որ հիշյալ հոդվածներում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ  տեղեկությունները իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է:

Դատարանը պատասխանող կողմին պարտավորեցրել էր հայցել Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը վերջնիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունն արատավորելու համար:

Դատարանը մասնակի բավարարել էր նաև հայցվոր կողմի ներկայացրած զրպարտության դիմաց փոխհատուցման վերաբերյալ 2.000.000 դրամի չափով պահանջից՝ 400 000 ՀՀ դրամը:

Դատարանի այս վճռի դեմ էլ պատասխանող կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որըև մերժվել է:

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը դեռևս նախորդ տարի օգոստոսի 27-ին հայց էր ներկայացրել դատարան՝ նշելով, որ 2018թ. հունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերությունը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը:

Մասնավորապես`2018 թ․հունիսի 7-ին ընկերությանը պատկանող «www.1in.am» ինտերնետային կայքում և «ժամանակ» օրաթերթում  հրապարակվել են հոդվածներ՝ «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել»,23.06.2018 թվականին՝ «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին», 24.06.2018 թ՝ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը՝ Ռոբերտ Քոչարյան»  և  28.06.2018 թ՝ «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրերով:

Հայցվորի ներկայացուցիչը նշել էր, որ հոդվածներում ներկայացված փաստերն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և դատարանին խնդրել էր  պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող  փաստացի տվյալները և պարտավորեցնել ընկերությանը զրպարտության դիմաց Ռոբերտ Քոչարյանին վճարել փոխհատուցում»,- նշվում է Քոչարյանի փաստաբանների տարածած հաղորդագրությունում: