Մարտի 1, բռնություններ, մամուլի ազատություն. Թոմաս Համմարբերգի հանդիպումները շարունակվում են

Մարտի 1, բռնություններ, մամուլի ազատություն. Թոմաս Համմարբերգի հանդիպումները շարունակվում են
Մարտի 1, բռնություններ, մամուլի ազատություն. Թոմաս Համմարբերգի հանդիպումները շարունակվում են

Հունվարի 18-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀԱԿ տարածած մամլո հաղորդագրությունը:
«Հանդիպմանը քննարկվել են քաղբանտարկյալների ազատ արձակման, Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, մարտիմեկյան իրադարձություններին բանակի ներգրավվման, մամուլի եւ հավաքների ազատության խնդիրները»,-նշված է հաղորդագրության մեջ:
Երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում Համմարբերգը նշել էր, որ Հայաստանում է պարզելու համար, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել մարտի 1– ի իրադարձությունների հետ կապված:

« Բացի այդ ես այստեղ քննարկելու եմ մամուլի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ զինված ուժերում տեղի ունեցած բռնությունների հետ կապված տեղեկությունները: Ես չեմ ցանկանում նախապես որեւէ եզրակացություն անել: Այս կարեւոր խնդիրների շուրջ ես պետք է դեռ խոսեմ պատասխանատու անձանց հետ», – ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը:

Հիշեցնենք, որ Երեւանում կայանալիք այցի շրջանակներում, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հանդիպումներ է ունենում իշխանության եւ ընդդիմության երկայացուցիչների հետ: Հանձնակատարը Հայաստան է ժամանել  հունվարի 18-ին, այցելությունը կավարտվի հունվարի 21-ին :

© Medialab.am