Կբողոքարկեն. Խաչատուր Սուքիասյանի փաստաբանների բողոքը մերժվել է

Կբողոքարկեն. Խաչատուր Սուքիասյանի փաստաբանների բողոքը մերժվել է
Կբողոքարկեն. Խաչատուր Սուքիասյանի փաստաբանների բողոքը մերժվել է

Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանի և Արթուր Գրիգորյանի բողոքը, որով նրանք  պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, մերժվել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի կողմից: Այդ մասին տեղեկացնում են Սուքիասյանի փաստաբաններ:

«Դատախազի որոշումը համարում ենք անօրինական ու անհիմն և օրենքով սահմանված կարգով այն բողոքարկելու ենք դատարանում»,-ասված է փաստաբանների համատեղ հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության, որոշումը կրում է վերացական բնույթ, չկա փաստացի պատճառաբանական մաս, որում  նշված լիներ քրեական գործով ձեռք բերված որևէ ապացույց:

«Ամսաթվի անճշտությունը վկայում է այն մասին, որ դատախազությունը ակնհայտորեն մակերեսորեն է վերաբերվել մեր բողոքին և արտագրել է մի ստանդարտ որոշում ուղղակի պատասխան տված լինելու համար,-նշել են Զաքարյանն ու Գրիգորյանը` տեղեկացնելով, որ բողոքի որոշումը դատախազության կողմից  թվագրված է 27 օգոստոսի 2008թ-ին:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը քրեական հետապնդման էր ենթարկվում 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ. նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 225 հոդվածի առաջին մասով` «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը»:

ԱԺ նախկին պատգամավորը հետախուզման մեջ էր մարտիմեկյան հայտնի դեպքերից հետո մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 2-ը, երբ կամավոր ներկայացավ իրավապահներին:

© Medialab.am