Բին Լադենը ոչնչացված է. Հայաստանը կիսում է ահաբեկչության դեմ բոլոր պայքարողների զգացմունքները

Հեղինակ MediaLab

Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Օսամա Բին Լադենի ոչնչացման կապակցությամբ  պատասխանելով «Արմնեպրես» լրատվական գործակալության հարցին  ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, թե Հայաստանը կիսում է ահաբեկչության դեմ բոլոր պայքարողների զգացմունքները:

«Ներգրավված լինելով ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարում, մենք կիսում ենք ամերիկացիների եւ ահաբեկչության դեմ բոլոր պայքարողների զգացմունքները Բին Լադենի ոչնչացման առնչությամբ,- ասել է Տիգրան Բալայանը: -Մեզ հատկապես մոտ են այդ զգացմունքները, քանի որ այս ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունեցող անձինք ժամանակին ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում»:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Պակիստանում ոչնչացվել է Ամերիկայի թիվ մեկ թշնամին, մինչդեռ թալիբները «կեղծ» են որակել այդ լուրերը:

«Այսօր ես կարող եմ ասել ամերիկայի ժողովրդին և ամբողջ աշխարհին` Միացյալ նահանգները հատուկ գործողության արդյունքում ոչնչացրել են Ուսամա Բին Լադենին: Ալ-Ղաիդայի առաջնորդը ահաբեկիչ  էր, որը պատասխանատու է հազարավոր անմեղ կանանց, երեխաների և տղամարդկանց մահվան մեջ»,-հայտարարել է Օբաման:

Ըստ հաղորդագրությունների, Բին Լադենը զինված չի եղել:

© Medialab.am