Կազանից առաջ` զանգ Օբամայից

Հունիսի քսաներեքի ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում են նախագահականից, հեռախոսազրույցի ընթացքում «ԱՄՆ նախագահը կարեւորել է Կազանում տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը»:

«Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի առաջնորդության համար և Դովիլի հայտարարության համատեքստում կարևորել Կազանում առաջընթացի արձանագրումը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բարաք Օբամային՝ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման գործընթացին հետևողական աջակցության համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները միշտ ձգտել են հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման, և եթե Կազանում ադրբեջանական կողմը ցուցաբերի կառուցողական մոտեցում, ապա կարելի է ակնկալել դրական արդյունքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

© Medialab.am