Ինչու՞ չեն վերաբացվում ցմահ դատապարտյալների քրեական գործերը

Ինչու՞ չեն վերաբացվում ցմահ դատապարտյալների քրեական գործերը
Ինչու՞ չեն վերաբացվում ցմահ դատապարտյալների քրեական գործերը

Ցմահ ազատազրկվածների քրեական գործերը վերաբացելու համար, ըստ հասարակական դաշտի ներկայացուցիչների, գոյություն չունի քաղաքական կամք:

Այսօր «Մեդիա կենտրոնում»  «Ցմահ ազատազրկվածների պահանջը. դատական գործերի վերաբացման հնարավորություններն ու խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկմանը մասնակցում էին հետաքննող լրագրող, «Անմեղության հայկական ծրագիրը» ՀԿ-ի նախագահ  Զարուհի Մեջլումյանը,  Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը և ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի մայրը՝ Ֆենյա Քոչարյանը:

Հիշեցնենք, որ վերջերս Նուբարաշեն ՔԿՀ-ում 50-ից ավելի ցմահ դատապարտյալներ 4-օրյա հացադուլ անցկացրեցին՝ պահանջելով իրենց քրեական գործերի վերաբացում:

Դատապարտյալների հարազատներն էլ բողոքի ցույցեր կազմակերպեցին Կառավարության շենքի և նախագահականի առջև՝ պահանջելով արդարադատություն և գործերի վերանայում իրենց զավակների գործերի համար: Նրանք նամակով դիմել են նաև ՀՀ նախագահին: Այժմ հացադուլը ժամանակավորապես դադարեցվել է և դատապարտյալներն ու հարազատները սպասում են պատասխանի նախագահականից:

«Հոկտեմբերի 12-ին ցմահ դատապարտյալները գրել էին նամակ` ուղղված ՀՀ նախագաhին և 10  կետով անդրադարձել  էին խնդիրներին, ինչպես նաև առաջարկել լուծման մեխանիզմները: Տարիներ շարունակ նրանք բարձրացնում են խնդիրներ. դատական հնարավոր սխալներից մինչև գործերի վերաբացման՝ անհատական վերանայման հնարավորության ստեղծում: Ազգային ժողովում արդեն չորրորդ տարին է՝ գոյություն ունի օրինագիծ, դեռևս 2011-ին Դավիթ Հարությունյանն է այն հեղինակել, որը վերաբերում է ռեժիմների փոփոխությանը. 15 տարի անց հնարավորություն անցնելու կիսափակ ռեժիմի և 18 տարի անց՝ անցնելու կիսաբաց ռեժիմի: Եթե ժամանակին այդ օրինագիծը օրենքի ուժ ստանար, ապա այսօր արդեն 50-ից ավելի ցմահ դատապարտյալներ կգտնվեին կիսաբաց և կիսափակ ռեժիմներում և ոչ թե փակ ռեժիմում»,-ասաց Մեջլումյանը:

Ըստ նրա՝  դատական իշխանության կողմից կամք չկա անդրադառնալու հին գործերին և  հնարավոր դատական սխալներին:

«Իսկ այն, որ մեր բանտերում կան անմեղ մարդիկ, ես դրա մասին բարձրաձայն հայտարարում եմ և այս պատասխանատու հայտարարությունը ինձ թույլ է տալիս անել այն, որ նման դատական սխալներ կան աշխարհի բոլոր երկրներում, հարյուրամյակների դատաիրավական համակարգերի փորձ ունեցող երկներում, ինչպիսին օրինակ՝ ԱՄՆ-ն է»,-նշեց Մեջլումյանը:

Քննարկմանը  «Մեդիա կենտրոնը» հրավիրել էր ներկայացուցիչներ նաև Դատական դեպարտամենտից, Արդարադատության նախարարությունից, Դատախազությունից և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովից, սակայն հրաժարվել էին մասնակցել քննարկմանը:

Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև Զարուհի Մեջլումյանի 15 րոպեանոց ֆիլմը, որտեղ ներկայացված է 11 ցմահ դատպարտյալի քրեական գործերի մանրամասներ:
Հեղինակը ֆիլմը պատրաստել է մեկ տարվա ընթացքում դատարանների արխիվներում կատարած ուսումնասիրության հիման վրա:

«Մարդիկ, որոնք միշտ բարձաձայնում են, որ դատական սխալների պատճառով են հայտնվել ճաղերի հետևում բացառապես անմեղ են, կամ կրում են չափազանցված պատիժ, իսկ մենք գիտենք Հայաստանում ինչ ընտրովի արդադատություն է տեղի ունենում: Դատարանների արխիվում 11 քրեական գործ ուսումնասիրեցի, իսկ 11-ից երեք գործով նոր երևան եկած հանգամանքեր ի հայտ եկան, և ես սկսեցի փնտրել այդ գործերով դատախազին, պաշտպանին, և դրանք բավարար հիմք էին, որպեսզի գործերը վերաբացվեին:  Երկու գործ Դատախազություն մտավ վերաբացման համար, սակայն մերժման որոշում կայացվեց: Անսխակալանի բարդույթով Դատախազությունը հեշտությամբ մերժում է բացել այդ գործերը»,-ընդգծեց Մեջլումյանը:
Նա նշում է, որ Հայաստանում մինչ օրս ոչնչացվում են իրեղեն ապացույցները:

«Թեև 2012-ին քրեական դատավարության նոր օրենսգրքի  նախագծում սահմանվեց նոր դրույթ, ըստ որի կյանքի դեմ ուղղված հանցագործությունների դեպքում իրեղեն ապացույցները ենթակա չեն ոչնչացման: Այսօր մենք այլ պատկեր կունենայինք, եթե այս գործերով իրեղեն ապացույցները պահպանվեին»,-հավելեց Մեջլումյանը:

Ռոբերտ Ռևազյանն ասում է, որպեսզի գործը վերաբացվի, առաջին հերթին պետք է քաղաքական կամք: Նրա կարծիքով՝ ներկա օրենսդրությամբ նույպես կարելի է հասնել արդար քննության:

«Վատ օրենք ունենալով հանդերձ՝ կարելի է  ունենալ լավ արդարադատություն և լավ օրենք ունենալով հանդերձ կարելի է ունենալ վատ արդարադատություն: Ճիշտ է, այստեղ օրենքի լավ լինելը մեծ նշանակություն ունի, բայց առավել կարևոր է կամքի առակայությունը, որպեսզի վերաբացվեն:  Ինչու՞ չեն վերաբացում այդ գործերը: Եթե վերաբացեն,  նշանակում է, հնարավոր է բացահաայտվեն սխալ դատապարտված անձիք, որոնք կարող են արդարացվել, որոնց պատիժը կարող է նվազեցվել, դա նշանակում է, որ պետք է փնտրել նոր հանցագործների , պետք է գտնել գործը կոծկողների ու պետք է պատասխանատվության ենթարկել ակնհայտ այդ կեղծիքներ սարքած անձանց: Պետք է պատրաստ լինել հրապարակային դատաքննություն, բողոքարկումների, իսկ այս ամենը շատ մեծ պատասխանատվություն է, որը իրենք պետք է ստանձնեն, բայց չեն ստանձնում»,-նշում է Ռևազյանը:

Նա հավելում է, որ ցանկացած հանգամանք, որը կասկած է առաջացնում արդար դատական պրոցեսի վրա, այն էլ նման ծնար հանցագործությունների դեպքում, պետք է հանդիսանա գործը վերաբացելու առիթ:
Ֆենյա Քոչարյանը, ում որդին ցմահ դատապարտյալ է, ասում է, որ այժմ բոլոր հացադուլ անցկացրած դատապարտյալների հարազատները սպասում են նախագահից որևէ լուծման:

«Բոլոր հարազատներով դիմել ենք նախագահին , որպեսզի մեր երեխաների քրեական գործերը վերանայեն, պահանջում և սպասում ենք, որ ինքը մի լուծում կտա այդ հարցին, որովհետև մեր երեխաները մաքուր են:  Եթե նախագահը այդ հարցը չլուծի, մեր երեխաները շարունակելու են իրենց հացադուլը, իսկ մենք ծնողներով նստացույց ենք կազմակերպելու»,-նշեց Ֆենյա Քոչարյանը:
 
Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգողխմբագիր

http://www.youtube.com/watch?v=vbzBdh9L2X0