Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը` Կազանի հանդիպման վերաբերյալ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն քիչ առաջ իր պաշտոնական կայքում տեղադրել է հայտարարություն` հունիսի 24-ին Կազանում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ: «Կազանի հանդիպումը թույլ տվեց որոշել կամ հաստատել մի շարք կետեր, որոնց շուրջ պետք է լինի համաձայնություն, հնարավորություն տալով շարունակել բանակցությունները ներկա հիմքով, հետագայում միջնորդների կողմից առաջարկված լուծման սկզբունքների ընդունման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության, Կազանի հանդիպման արդյունքը չի կարելի անտեսել, եւ որ «Ֆրանսիան Մինսկի խմբի իր գործընկերներ ԱՄՆ եւ Ռուսաստանի համանախագահների հետ միասին ջանք չի խնայի եւ կողմերին կաջակցի հետագայում բանակցությունները շարունակելու հարցում»:

«Ֆրանսիացի համանախագահը իր ամերիկացի եւ ռուս գործընկերների հետ, ովքեր Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ արդեն հանգամանալից հանդիպում են ունեցել, առաջիկա շաբաթներին կայցելեն Երեւան, Բաքու եւ Լեռնային Ղարաբաղ բանակցությունների շարունակությունը նախապատրաստելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:

© Medialab.am