Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերին եւ խոսել կանխարգելիչ միջոցառումների մասին:
«Փաստացի այս պահին մենք ունենք 4 դեպք՝ կորոնավիրուսով վարակի: Պացիենտներից 3-ը այս պահին սիմպտոմներ չունեն: Միայն մեկն ունի այս պահին գանգատներ և աջակողմյան բազալ թոքաբորբ, նաև ջերմում է և ստանում է սիմպտոմատիկ բուժում: Մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում:
Միջոցառումների հայտնաբերման հետ կապված ուզում եմ տեղեկացնել, որ վերջի 3 պացիենտները ՀՀ են ժամանել Իտալիայից վերջին մի քանի օրերին:
Ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ՝ թե տնային այցերի, և թե հեռախոսային կապի միջոցով, և գանգատների ի հայտ գալուն պես հոսպիտալացվել են և, փաստորեն, նրանց մոտ հայտնաբերվել է այդ վիրուսի առկայությունը: Մյուս կանխարգելիչ միջոցառումներից են՝ այդ մի քանի օրերին պացինետների հետ կոնտակտի մեջ եղած անձանց հայտնաբերումը և մեկուսացումը:
Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ մենք ունենք 31 հոգի, ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում մեծաթիվ մարդկանց, հնարավոր է, որ նրանց միջից նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահման վայրում օրվա ընթացքում:
Մնացած միջոցառումները շարունակվում են. օդանավակայանում քարտերի լրացում և տնային հսկողություն այն բոլոր երկրներից, որտեղ դեպքերի թիվը շատ է, դրանք Եվրոպական մի քանի երկրներ են, Չինաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա: Ինչպես նաև իրականացվում են միջոցառումներ ամբողջ երկրում՝ կանխարգելման ուղղությամբ:
Եվ ես նորից եմ ուզում կրկնել, որ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ կարևոր է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար»,- նշել է Արսեն Թորոսյանը: