Ընդդիմությունն ահազանգում եւ դատապարտում է. ոստիկանները քաշքշել են ՀԱԿ ակտիվիստներին

ՀԱԿ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, թե Կոնգրեսի` օգոստոսի 2-ի հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկները տարածող իր համակիրները հուլիսի 28-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում «կրկին հանդիպել են ոստիկանության աշխատողների ու նրանց հետ եղած քաղաքացիական անձանց հարուցած խոչընդոտներին»։

«Առանց ներկայանալու եւ որեւէ օրինական պահանջ ներկայացնելու, նրանք հարձակվել են երիտասարդների վրա, քաշքշել, հարվածել, հասցրել մարմնական վնասվածքներ։ Կատարված հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազություն։ Կոնգրեսը դատապարտում է ոստիկանության հերթական այս սադրանքը: Հատկանշական է, որ այս ամենը տեղի ունեցել Կոնգրես-իշխանություն սկիզբ առած երկխոսության ֆոնին: Փաստի մասին տեղյակ է պահվել նաեւ իշխանության պատվիրակության ղեկավարը»,- ասվում է Կոնգրեսի կողմից տարածված հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության, Հայ Ազգային Կոնգրես -իշխանություն երկխոսության շրջանակներում հուլիսի 26-ի հանդիպման ընթացքում իշխանության պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետամուտ լինել հանրահավաքների իրազեկմանը, քաղաքացիների մասնակցությանը խոչընդոտելու, տրանսպորտի աշխատանքը կազմալուծելու, ոստիկանության եւ պետական այլ ծառայողների կողմից ապօրինությունների բոլոր փաստերին։

«Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իր բոլոր կառույցներին, ակտիվիստներին, հանրահավաքի մասնակիցներին՝ նմանօրինակ փաստերի մասին անմիջապես տեղյակ պահել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ (հեռ. 52.09.74)՝ հնարավորինս որոշակիացված տվյալներով»,- գրված է հայտարարության մեջ։

© Medialab.am