Մեկնարկել է ընդդիմություն-իշխանություն երկխոսության երրորդ հանդիպումը

Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է ընդդիմություն-իշխանություն երկխոսության երրորդ հանդիպումը: Հանդիպումն ինչպես միշտ անցնում է փակ դռների հետեւում, լրագրողներին նախորդ հանդիպումների նման հնարավորություն է տրվել միայն առաջին հինգ րոպեների ընթացքում տեսա եւ լուսանկարահանում իրականացրել:
Ինչպես միշտ առաջինը հանդիպման վայր են ժամանել իշխող կոալիցիայի կողմից ձեւավորված աշխատանքային խմբի անդամները, ապա նոր` ընդդիմության պատվիրակությունը:
Հանդիպումից հետո կողմերը լրագրողների համար հանդես կգան հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի կազմում են Դավիթ Հարությունյանն ու Գագիկ Մինասյանը` ՀՀԿ-ից, Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Բոստանջյանը ԲՀԿ-ից, Մհեր Շահգելդյանն ու Խաչիկ Հարությունյանը ՕԵԿ-ից:
Ընդդիմության պատվիրակության կազմում են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանը, տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանը, Ֆելիքս Խաչատրյանը ՀԺԿ-ից եւ Սամվել Աբրահամյանը ՀՀՇ-ից:
© Medialab.am