Կոնյակի շրջանառության ոլորտն ունի բարձր կենտրոնացվածություն, հնարավոր են անբարեխիղճ մրցակցության գործողություններ. ՏՄՊՊՀ

Ավելացել են կոնյակի արտահանման ծավալները, կոնյակի շրջանառության ոլորտն ունի բարձր կենտրոնացվածություն, հնարավոր են անբարեխիղճ մրցակցության գործողություններ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է կոնյակի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ըստ այդմ, 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 725 լիտր կոնյակ (100% սպ.) և 2,323,056 լիտր կոնյակի սպիրտ (100% սպ.):  Կոնյակի ներմուծման ծավալները 2018 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ կրճատվել են 27 %-ով, կոնյակի սպիրտի ներմուծման ծավալներն ավելացել են շուրջ 55 %-ով:

2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կոնյակի ներմուծման ամենամեծ մասնաբաժինն ունեցող երեք ընկերություններ են «ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱ», «ԷՅ ԴԻ ԷՖ ՇՈՓՍ» ՓԲ և «ԱԼՖԱ ՖՈւԴ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ները, որոնց ընդհանուր մասնաբաժինը կոնյակի ներմուծման մեջ կազմել է 90 %, 2018 թվականին՝ «ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱ» ՍՊ, «ԷՅ ԴԻ ԷՖ ՇՈՓՍ»  ՓԲ և «ԱՐՏԷՔՍԻՄ» ՍՊ ընկերությունները, որոնց ընդհանուր մասնաբաժինը կոնյակի ներմուծման մեջ կազմել է 86 %:

2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կոնյակի սպիրտի առաջին երկու խոշոր ներմուծողներն են եղել «ԲԱԳՐԱՏ ԳՐՈՒՊ» ՍՊ և «ԱՐՏԱՇԱՏ ՎԻՆԿՈՆ» ՓԲ ընկերությունները, որոնք ներմուծել են կոնյակի սպիրտի ընդհանուր ծավալների շուրջ 90 %-ը, 2018 թվականին կոնյակի սպիրտի ներմուծման մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել են «ՎԵԴԻ ԱԼԿՈ», «ԱՐՏԱՇԱՏ ՎԻՆԿՈՆ» ՓԲ և «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊ ընկերությունները` ընդհանուր 71 %:

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 21 ընկերությունների կողմից արտադրվել է 5,220,793 լիտր (100% սպ.) կոնյակ: Կոնյակ արտադրող առաջին երեք խոշոր ընկերություններն են «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-ն, «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ն և «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ն, որոնց ընդհանուր մասնաբաժինը կոնյակի արտադրության մեջ կազմել է 62 %՝ 2018-ի 68 %-ի փոխարեն: Նշված ընկերությունները նաև առավել խոշոր կոնյակ արտահանողների եռյակում են, որոնց մասնաբաժինների գումարը 2019 թվականի տասն ամիսների ընթացքում կազմել է 45 %՝ 2018-ի 52%-ի դիմաց:

Ընդհանուր առմամբ  2019 թվականի տասն ամիսների ընթացքում 38 ընկերությունների կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակ (100% սպ.), իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի ընթացքում 33 ընկերությունների կողմից արտահանվել էր շուրջ 9 մլն լիտր կոնյակ (100% սպ.):  Այսինքն՝ կոնյակի արտահանման ծավալներն աճել են 37 տոկոսով՝ միաժամանակ գերազանցելով նաև 2018 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը (11 մլն լիտր):

Նույն ժամանակահատվածում 14 ընկերությունների կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակի սպիրտ (100% սպ.), ինչը հավասար է 2018 թվականի ամբողջ տարվա ընթացքում արտահանված կոնյակի սպիրտի ծավալներին:

Հանձնաժողովը հաշվարկել է նաև 1 լիտր կոնյակի ստացման համար անհրաժեշտ նյութածախսը: Հատկանշական է, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մի շարք դեպքերում 3 տարվա հնացման 0,5 լիտր տարողությամբ կոնյակի նյութածախսը զգալիորեն տարբերվել է Հանձնաժողովի կողմից հաշվարկված ցուցանիշից, ինչը կարող է վկայել հնարավոր անբարեխիղճ գործողությունների մասին:

Հանձնաժողովն արձանագրել է, որ թեև կոնյակի շրջանառության ոլորտը համարվում է բարձր կենտրոնացվածություն ունեցող, այդուհանդերձ, շուկայի կենտրոնացվածության մակարդակը գնահատող որոշ ինդեքսների արժեքները կրճատվել են:

Ուսումնասիրության շրջանակում Հանձնաժողովի կողմից իրականացվել է նաև կոնյակ արտադրող տնտեսվարող սուբյեկտների կողմից պահեստավորված կոնյակի սպիրտի պաշարների գույքագրում, ինչպես նաև դիտարկվել է 2019 թվականի մթերման գործընթացը: Հարկ է նշել, որ ուսումնասիրության արդյունքում մթերում իրականացնող տնտեսվարող սուբյեկտները ճշգրտել են իրենց կողմից լիազոր պետական մարմնին տրամադրված ցուցանիշները:

Ուսումնասիրության արդյունքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում՝http://competition.am/uploads/resources/Study_kognyac.pdf :

ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով