Տավուշի երգչախմբի երեխաները մասնակցել են STARMUS VI ֆիլմի դիտմանը

STARMUS VI ֆիլմի փակ դիտմանը ապահովվել էր նաև Տավուշի մանկապատանեկան երգչախմբի երեխաների ներկայությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երեխաներն անթաքույց հուզմունքով ու երջանկությամբ էին դիտում մեծ իրադարձության մասին պատմող ֆիլմը, որի մաս են կազմել նաև իրենք՝ մեկ տարի առաջ։

«Ես շատ էի ցանկանում, որ երեխաները տեսնեն, թե ինչ մեծ իրադարձության մաս են կազմել իրենք և ոգեշնչվեն հետագա նորանոր նվաճումների համար, գիտակցեն, որ հնարավոր է համատեղել երգարվեստը գիտության հետ»,- նշել է STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը։

thumbnail.jpg (148 KB)

Երեխաները շեշտել են, որ ամենատպավորիչ հատվածը գիտնականների՝ աստղերի և տիեզերքի մասին զրույցներն էին:

«Ֆիլմը շատ մարդակենտրոն էր, ու մենք լիովին վերապրեցինք այն դրական հույզերը, որոնք պարուրել էին բոլորիս մեկ տարի առաջ։ Իսկապես, մեծ պատասխանատվություն էր ելույթ ունենալ 7000 հանդիսատեսով դահլիճում: Ֆիլմը դիտելուց հետո երեխաները մոտ ապագայում նման մեծ լսարանի առջև կրկին ելույթ ունենալու ցանկություն հայտնեցին։ Իսկապես, STARMUS-ը լուրջ ու անմոռանալի փորձառություն էր երեխաների համար»,- նշել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի խմբավար Մարիա Գալստյանը։

thumbnail (1).jpg (157 KB)

Նոյեմբերի 17-18-ին Մոսկվա կինոթատրոնի էկրաններին փակ ցուցադրությամբ ներկայացվել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում անցկացված STARMUS VI միջազգային գիտական փառատոնի մասին պատմող ֆիլմը։ Ֆիլմը ամփոփում է այն բոլոր էմոցիաները, գույներն ու մասշտաբային միջոցառումները, որոնք անցկացվեցին ՀՀ բուհերում, Մարզահամերգային համալիրում, Ազատության հրապարակում, Գառնու տաճարի հարակից տարածքում և մի շարք մարզային կառույցներում՝ ՔՈԱՖ-ում (Դսեղ) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, այլուր։

Ֆիլմի միջազգային ցուցադրություններ արդեն իսկ հաջողությամբ իրականացվել են աշխարհի մի շարք երկրներում:

Ֆիլմի պրոդյուսերներն են STARMUS փառատոնի հիմնադիրներ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը (Garik Israelian, կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը (Brian May), ЕММY մրցանակակիր ռեժիսոր Թոդ Դուգլաս Միլլերը (Todd Douglas Miller):

Ֆիլմի այլ ցուցադրություններ հայաստանյան կինոթատրոններում կամ հեռուստաեթերով չեն նախատեսվում։

Հաջորդ՝ Starmus VII փառատոնն անցկացվելու է Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում 2024 թվականի մայիսի 12-17: