Սեպտեմբերի 7-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը աշխատանքային հանդիպում էր կազմակերպել պատգամավորների, ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր ծառայությունների ղեկավարների, ՊՆ նախարարին կից հասարակական խորհրդի նախագահի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, մի շարք իրավապաշտպան հ/կ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ` քննարկելու բանակում նկատվող մտահոգիչ խնդիրները եւ դրանց վերաբերող կանխարգելիչ միջոցառումների ընթացքը:
Ինչպես տեղակցնում են ԱԺ-ից, Կարապետյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունները, որոնք առնչվում են ներքին կանոնագրքին, «Զորակոչի մասին» եւ «Զինվորական ծառայության մասին» օրենքներին:
Բանակում հանդիպող անօրինական ու քրեածին երեւույթների կանխարգելման առումով նա կարեւորեց տեղեկացվածությունը գործող օրենքներին եւ դրանց հստակ կիրառումը:
ՊՆ ներկայացուցիչները հայտարարել են, թե նախորդ տարվա համեմատ բանակում թեեւ նվազել են մահացության ու սպանության դեպքերը, բայց դրանք դեռեւս մնում են մտահոգիչ, ուստի, ըստ նրան, «հետեւողականորեն իրականացվում են հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքներ»:
Իրավապաշտպան հ/կ-ների ներկայացուցիչները, ովքեր մինչ այդ քննարկումը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ` իրենց մտահոգությունը հայտնելով բանակում գրանցվող սպանությունների մեծ թվի կապակցությամբ, առավելապես խոսել են զինվորների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ներդրման ու բանակում տեղի ունեցող արտակարգ դեպքերի ու պատահարների վերաբերյալ տեղեկատվության բացակայության մասին:
© Medialab.am



















