Դատարանը հօգուտ ԱՆ խոսնակի որոշում է կայացրել. «Հրապարակ» օրաթերթին պարտավորեցրել է ներողություն խնդրել․ Factor.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը որոշում է կայացրել հօգուտ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի և պարտավորեցրել «Հրապարակ» օրաթերթին Ալինա Նիկողոսյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել։

Դատարանը մասնավորապես պահանջել է «www.hraparak.am» կայքում հրապարակել հոդված, որը կունենա հետևյալ վերնագիրը «Հրապարակ օրաթերթը» ներողություն է խնդրում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես. «09.05.2019թ.-ին www.hraparak.am ինտերնետային կայքում տեղադրվել էր լրատվական հոդված, որի վերնագիրն է «Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը և իր հովանու տակ առնում Լֆիկին», որի երրորդ պարբերությունը պարունակում է վիրավորական արտահայտություններ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հասցեին, ինչի համար ներողություն ենք խնդրում»»,- նշված է դատարանի որոշման մեջ:

Նշենք, որ նախարարի խոսնակը պահանջել էր մեկ միլիոն փոխհատուցում, որը մասնակի է բավարարվել, և դատարանը որոշել է «Հրապարակ» օրաթերթից հօգուտ Ալինա Նիկողոսյանի բռնագանձել 200 000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Factor.am-ին ասաց, որ դատարանի կայացրած որոշումը իրենք բողոքարկելու են Վերաքննիչ ատյանում: «Սա նոր երևույթ է, որ ոչ թե լրատվամիջոցն է խոսնակին պահանջներ ներկայացնում, այլ խոսնակը լրատվամիջոցին։ Այս ցինիզմը նոր երևույթ է, որը հեղափոխությունից հետո է հայտնվել, որ որոշ խոսնակներ գործ անելու, ժամանակին հարցերին պատասխանելու փոխարեն կարող են դատարան դիմել և մի բան էլ դատը շահել: Անպայման կբողոքարկենք այս որոշումը և կհասնենք մեր ուզած որոշման կայացմանը»,- եզրափակեց Օհանյանը։