«Ռուսաստանի կողմից Քոչարյանին պաշտպանելը պաշտպանություն է քրեաօլիգարխիկ, կոռուպցիայի մեջ թաթախված համակարգի»․ Արա Պապյան

«Ռուսաստանի կողմից Քոչարյանին պաշտպանելը պաշտպանություն է քրեաօլիգարխիկ, կոռուպցիայի մեջ թաթախված համակարգի»․ Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

– Պարո՛ն Պապյան, վերջերս Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպեց Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ի՞նչ ուղերձներ են պարունակում ռուսական կողմի նմանօրինակ քայլերը։

– Այդ հանդիպումը, ինչպես ռուս փորձագետներից մեկը նշեց, Ռուսաստանի ամենաբարձր իշխանության դիրքորոշման դրևորումն էր։ Այսինքն՝ ռուսներն ուզում էին հասկացնել՝ Քոչարյանը մեր մարդն է, և Քոչարյանի ճակատագիրը որոշելիս դա պետք է հաշվի առնեք։ Իսկ ինչո՞ւ է իրենց մարդը, որովհետև Քոչարյանի օրոք էր, որ գրեթե բոլոր կարևորագույն ոլորտները չնչին գներով տրվել են Ռուսաստանին։ Եվ հիմա արդեն բացահայտվում են այդ մանրամասները։ Բնականաբար, իրենք նման մարդուն պետք է պաշտպանեն։

Դա առաջին գործոնն է։ Իսկ երկրորդ գործոնն այն է, որ նրանք չեն ուզում խրախուսել, որպեսզի հետխորհրդային տարածքում նախադեպ ստեղծվի, և պաշտոնավարումից հետո նախկին նախագահներն իրենց գործողությունների համար պատասխան տան։

– Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում թուլացե՞լ է, ինչ եք նկատում, և արդյոք այս հանդիպումը նաև այդ մասին է վկայում։

– Ընդհանուր առմամբ, ռուսական ազդեցությունը թուլանում է, որովհետև ժողովրդի վերաբերմունքն է փոխվում։ Այսինքն՝ նրա լծակները մնում են նույնը, անփոփոխ, նա շարունակում է տնտեսական ոլորտները իր ձեռքին պահել, շարունակում է շատ կարևոր տեղերում ունենալ մարդիկ, անգամ նրանց կարելի է կոչել սեփական գործակալներ, ունի բավական ազդեցություն մեդիա դաշտում։

Բայց, ընդհանուր առմամբ, հաշվի առնելով մի քանի գործոն, ժողովրդի մեջ վերաբերմունքը փոխվում է։ Առաջին գործոնն այն է, որ սերնդափոխություն է տեղի ունենում, գալիս է մի սերունդ, որի ուղեղը դպրոցում չեն մաշեցրել, կեղծ միֆերով չեն լցրել։ Եվ այդ սերունդն արդեն աշխարհ տեսած սերունդ է։ Եվ իրենք հնարավորություն ունեն Արևմուտքի առաջարկածը համեմատելու Ռուսաստանի առաջարկածի հետ։

Երկրորդ գործոնն այն է, որ, ի վերջո, Ռուսաստանը Սովետական Միություն չէ, եթե Սովետական Միությունը համաշխարհային տնտեսության 9 տոկոսն էր, ապա Ռուսաստանն անգամ 2 տոկոս էլ չի կարողանում կազմել։ Եվ ամենակարևորը՝ Ռուսաստանը տեխնոլոգիա չունի և, հետևաբար, կորցնում է իր բնակչությունը։

Փորձում է ուժային ինչ-որ մեթոդներով պարտադրել իր ազդեցությունը։ Այո՛, դա կարողանում է անել, մեկ Լարսի անցակետն է փակում, մեկ Ղարաբաղում է լարվածությամբ սպառնում, բայց պատմությունն ունի իր տրամաբանությունը։ Ռուսաստանը ոչ առաջին կայսրությունն է, ոչ վերջինն է։

Թուլանում են և որպես կայսրություն՝ թատերաբեմից հեռանում։ Այսինքն՝ Ռուսաստանը պետք է հաշտվի իր այդ կարգավիճակի հետ։ Օրինակ՝ այսօր Շվեդիան զարգացած երկիր է, մարդու իրավունքների պաշտպանության առումով մեծ առաջընթաց ունի, բայց ժամանակին նա էլ է եղել կայսրություն՝ բավական ռազմատենչ։ Բայց մարդիկ հաշտվեցին իրենց կարգավիճակի հետ և կենտրոնացան սեփական երկիրը զարգացնելու ուղու վրա։ Նույնն էլ պետք է ռուսներն անեն։

– Այսինքն՝ Ռուսաստանի կողմից գործադրվող այդ ճնշումներն արդյունք չե՞ն տալու իրենց։

– Իհարկե չեն տալու։ Ավելին, Քոչարյանին բացահայտ պաշտպանելը հակառակ էֆեկտը կարող է տալ։ Ի վերջո, բոլորս հասկանում ենք, որ դա Քոչարյանի պաշտպանությունը չէ, դա պաշտպանություն է քրեաօլիգարխիկ, կոռուպցիայի մեջ թաթախված համակարգի։ Իսկ մարդիկ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Ռուսաստանում, որոշակի արդարություններ են ուզում, ուզում են, որ պետական ծառայողը լինի իսկական ծառայող, ոչ թե ռուսական ցար։

– Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպումից հետո Հայաստանի Ազգային ժողովում հարցը բարձրացվեց, տեղեկություն եղավ, որ դեսպանը կանչվել է Հայաստանի ԱԳՆ։ Սա կարծես առաջին դեպքն է, երբ հայկական կողմը նման արարքի համար պատասխան է պահանջում Ռուսաստանից։ Այսինքն՝ Հայաստանի քաղաքականությունը փոխվո՞ւմ է այս հարցում։

– Ես իսկապես չեմ հիշում, որ երբևէ մերոնք որևէ դեսպանի և, մասնավորապես, Ռուսաստանի դեսպանին կանչեին և պարզաբանում պահանջեին։ Ասեմ, որ հակառակն է եղել։ Օրինակ՝ 2007 թվականին, երբ ես արդեն պետական պաշտոնյա չէի, մի հարցազրույց էի տվել, որի վերնագրում լրագրողը գրել էր, որ ես դիվանագետ եմ։

Եվ այդ «դիվանագետ» բառի համար ռուսներն իրենք էին զանգել մեր արտաքին գործերի նախարարություն և պարզաբանում պահանջել, թե՝ այս ի՛նչ է խոսում ձեր դիվանագետը։ Նրանք դա սովորական էին համարում, որ կարող էին զանգել ու պարզաբանում պահանջել մեր ԱԳՆ-ից։ Նմանօրինակ բազմաթիվ դեպքեր են եղել։ Հիմա, կարծում եմ, այս ամբողջը փոխվում է։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am