«Թուրքիայում հրդեհներին զուգահեռ քաղաքական ճգնաժամ է հասունանում»․ Բագրատ Էստուկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը

Պարո՛ն Էստուկյան, ինչպիսի՞ն է իրավիճակը Թուրքիայում մոլեգնող հրդեհների հետ կապված:

– Ստամբուլում շատ փոքր հատվածում, հյուսիսային մասում շատ փոքր հրդեհ է ծագել, որը շատ արագ մարել են, այսինքն՝ Ստամբուլին սպառնացող վտանգ չկա: Թուրքիայի արևմտյան և հարավային հատվածներում շատ լուրջ հրդեհներ կան, որոնք շաբաթից ավելի է՝ շարունակվում են: Ահագին անտառային տարածք է ոչնչացել:

Դրան զուգահեռ նաև հետզհետե քաղաքական ճգնաժամ կառաջանա երկրում, որովհետև կառավարությունն անճար գտնվեց հրդեհների դեմն առնելու հարցում: Նրանք չկարողացան հրդեհները հանգցնելու համար ինքնաթիռները գործի դնել, այն դեպքում, երբ անցյալում այդ ինքնաթիռները եղել են, սակայն այսօր զանազան պատճառներով դրանք անգործածելի են դարձել: Դրա համար կառավարությունը շատ ծանր մեղադրվում և քննադատվում է:

Մյուս կողմից՝ սոցիալական խնդիրներ են ծագել. բամբասանքներ տարածվեցին, որ քուրդ ահաբեկիչներն են հրդեհել անտառները, և դրանով ազգամիջյան ընդհարումներ հրահրելու փորձեր են արվում: Այդ բոլորը միասին խնդիրը ճգնաժամի է վերածել:

Թուրքիայում այս հրդեհների պատճառով խուճապ կա՞, թե՞ ոչ:

– Այն վայրերում, որտեղ հրդեհները մոլեգնում են, այո՛, խուճապ կա, որովհետև կան տարածքներ, որտեղ ապրող մարդիկ ստիպված պետք է լքեն իրենց կացարանները:

Տեսակետ կա, որ այդ հրդեհները Թուրքիայով չեն սահմանափակվելու, հնարավոր է՝ տարածվեն հարևան պետություններում: Այդտեղ ի՞նչ են ասում այդ մասով:

– Այո՛, բայց դա Թուրքիայում մոլեգնող հրդեհների հետևանքով չէ: Այսօր հրդեհներ են մոլեգնում և Հունաստանում, և Իտալիայում, բայց դրանք անջատ են Թուրքիայի հրդեհներից: Այդ ամենը եղանակի բերումով է տեղի ունենում: Օդի ջերմաստիճանը շատ բարձր է, երկար ժամանակ տեղումներ չեն եղել, հետևաբար, կրակի բռնկման համար շատ հարմար միջավայր է ստեղծված:

Ամեն տարի էլ նման հրդեհներ լինում են: Օրեր առաջ սարսափելի հրդեհ եղավ Ավստրալիայում, որը շաբաթներ տևեց: Նույնը Կանադայում եղավ: Այո՛, պատճառը եղանակն է, բայց խնդիրը հրդեհներին միջամտելու անճարակության մեջ է:

Այդուհանդերձ, կա՞ վտանգ, որ Թուրքիայից հրդեհները տարածվեն հարևան երկրներ:

– Այդպիսի վտանգ չկա, բայց անշուշտ հրդեհները հարևան քաղաքներն են վնասում, ոչ թե երկրները: Անշուշտ հավանականություն կա, որ հրդեհները կտարածվեն հարակից քաղաքներում:

Ընդհանուր առմամբ, ինչքա՞ն վնաս են տվել հրդեհները Թուրքիայի տնտեսությանը: Արդյոք զբոսաշրջությունը տուժել կամ անգամ կա՞նգ է առել այս համատեքստում:

– Հրդեհի ճարակ դարձած տարածքները զբոսաշրջային տարածքներ էին, օրինակ՝ Անթալիան, Բոդրումը, Մարմարիսը: Սրանք զբոսաշրջային կարևոր քաղաքներ էին, և մենք գիտենք, որ բազմաթիվ հյուրանոցներում ամրագրումները չեղարկվել են:

Այսինքն՝ մարդիկ, որոնք առաջիկա օրերին նախատեսել էին իրենց հանգիստն անցկացնել Թուրքիայում, չեղարկել են հյուրանոցների ամրագրումները: Թվային առումով ասել, թե որքան է կազմել վնասը, հավանաբար միլիարդ դոլարների մասին պետք է խոսել: Միայն ջերմաէլեկտրակայանը, որն այս հրդեհից վնասվեց, մեկ միլիարդ դոլարից ավելի արժեք ուներ:

-Պարոն Էստուկյան, դուք հետևում եք հայաստանյան քաղաքական կյանքին, տեղյակ եք՝ Հայաստանում նոր խորհրդարան է ձևավորվել, որն արդեն սկսել է իր աշխատանքը: Ինչպե՞ս եք գնահատում այդ աշխատանքը:

– Դա բնականոնացման ճանապարհ է, և Կաթողիկոսի ելույթը Ազգային ժողովում այդ ուղղությամբ էր, որ Հայաստանում պետք է շուտափույթ կերպով ձևավորվի բնականոն քաղաքական դաշտ, և այդտեղ Քոչարյանի կեցվածքը մի քիչ խոչընդոտող է, որ ընտրվել է պատգամավոր, սակայն որոշել է չմասնակցել ԱԺ աշխատանքներին:

Ես կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է, բայց ոչ թե կառավարության աշխատանքը կացնահարելը, այլ թերությունները քննադատելը, ճիշտ ճանապարհը մատնացույց անելը, զգուշացնելը: Ընդդիմությունը, անշուշտ, ունի իր դերակատարությունը, բայց, ըստ երևույթին, Հայաստանի ընդդիմությունն այդ պարտականության սահմաններին տեղյակ չէ:

– Հայաստանի սահմաններին լարվածությունը չի նվազում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ չափով է առկա Թուրքիայի միջամտությունն այդ ամենին:

– Թուրքիան սահմանի մանր-մունր դեպքերին ուղղակիորեն միջամտություն, բնականաբար, չունի: Թուրքիան Ադրբեջանի հետ ռազմական դաշնակցություն է կնքել, որի արդյունքում ահագին զենք է վաճառում Ադրբեջանին, նաև մասնագետներ է պատրաստում Ադրբեջանի բանակի համար:

Հետևաբար, Թուրքիան արդեն Ադրբեջանի բանակի կարևոր գործընկերն է, բայց դա չի նշանակում, որ սահմանային խախտումների մեջ թուրք զինվորներ կան: Նման բան չկա:

Հայտարարություններ եղան, որ Թուրքիան ու Ադրբեջանը միասնական բանակ ունենալու ուղղությամբ են քայլեր անում: Դուք հավանական համարո՞ւմ եք, որ թյուրքական բանակ ունենալու այդ գաղափարը կյանքի կկոչվի:

– Ո՛չ, Թուրքիան որևէ երկրի հետ հասարակական բանակ չի կարող ունենալ: Դա երազանք է: Թուրքիան այդպիսի բան ունի արդեն ՆԱՏՕ-ի հետ, բայց անհնար է, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկ բանակ ունենան: Այդուհանդերձ, ռազմական ոլորտում Թուրքիան ու Ադրբեջանը կարող են բազմաթիվ հարցերում համագործակցել:

Թուրքիայի հայ համայնքի կյանքում կա՞ն փոփոխություններ, թե՞ ամեն բան ընթանում է սովորականի պես: Պոլսո պատրիարքից եղած դժգոհություններն արդյոք պահպանվո՞ւմ են:

– Ամեն բան բնականոն զարգանում է, կամ եթե անլուծելի խնդիրներ կան, դրանք հին ձևով շարունակվում են: Մասնավորապես, մի կողմից Պոլսո պատրիարքից դժգոհները շարունակում են դժգոհությունը, մյուս կողմից էլ՝ հետզհետե պատրիարքը իր հեղինակությունը ինչ-որ ձևով ընդունել պետք է տա:

Մանե Հարությունյան

MediaLab.am