Ծրագրավորման եւ նորարար գաղափարների մրցույթ. «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011

Ծրագրավորման եւ նորարար գաղափարների մրցույթ.  «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011
Ծրագրավորման եւ նորարար գաղափարների մրցույթ. «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011

Առաջին անգամ Երևանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (www.micarmenia.am) և Հանրային լրագրության ակումբը (www.pjc.am) Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2011թ դեկտեմբերի 17-ին կազմակերպում են «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011 ծրագրավորման եւ նորարար գաղափարների մրցույթ:

Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չ’ծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:

Մեր առաջին Հեքըթոնը Հայաստանում նվիրված կլինի Երևան քաղաքի խնդիրներին և կխթանի քաղաքացիների մասնակցությունը դրանց լուծմանը: Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, որոնք կարող են կյանքի կոչվել ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ քաղաքի խնդիրներով մտահոգ կառույցների ու շրջանակների կողմից, որոնք նաեւ կխթանեն մարդկանց մասնակցությունը՝ տեղեկատվության հավաքագրման եւ բազմաթիվ այլ խնդիրների լուծման գործում, բարելավելով քաղաք-բնակիչ կապը:

«Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011 –-ին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել նորարար գաղափարներ, լրացնելով հայտը, որը կարող եք գտնել այստեղ www.micarmenia.am :

Կազմակերպիչները կօգնեն գաղափարներ ներկայացրած հայտատուներին գտնել թիմակիցներ՝ ծրագրավորողներ, փորձագետներ: Նախքան բուն հեքըթոնը, կազմակերպիչները հայտատուների համար հանդիպումներ են կազմակերպելու տարբեր ոլորտներ ներկայացնող փորձագետների հետ, որոնք կներկայացնեն այն խնդիրները, որոնց համար կարելի է գտնել նորարար լուծումներ, կաջակցեն մասնակիցներին, թիմերին գտնել խնդիրներ կամ կողմնորոշվել իրենց ընտրած խնդրում, մշակել եւ զարգացնել նախագիծն ու կապեր հաստատել համապատասխան կառույցների հետ:

«Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011-ը սկսվելու է ս.թ. դեկտեմբերի 17-ին եւ տեւելու է 24 ժամ: Դեկտեմբերի 18-ին թիմերը պետք է հրապարակային ներկայացնեն իրենց պատրաստած ծրագրերը, հավելվածները, մոբայլ լուծումները, կայքերը ժյուրիին: Նույն օրը կհայտարարվեն հաղթողները:

Ընդամենը 24 ժամում ծրագրավորողներից և այլ մասնագետներից կազմված թիմերը կմշակեն և ժյուրիին կներկայացնեն որոշակի խնդրի լուծմանն ուղղված ծրագիրը կամ դրա նախատիպը (դեմո տարբերակը):

Մրցույթում հաղթող թիմերին սպասվում են բազմաթիվ խոշոր մրցանակներ, համագործակցության և նախագծերի ֆինանսավորման լայն հնարավորություններ:

Մանրամասն տեղեկությունների և մասնակցության հայտը լրացնելու համար այցելեք. www.micarmenia.am կամ www.pjc.am կայքեր:

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 30-ը:

Մրցույթի աջակիցներն են` Երևանի քաղաքապետարանը, Մայքրոսոֆթը, Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ընկերություններ, լրագրողական կազմակերպություններ: «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011-–ի ինֆորմացիոն հովանավորը PanarmenianNet լրատվամիջոցն է:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանին՝ + 37491 22 07 19 հեռախոսահամարով կամ գրել՝ [email protected] հասցեով:

Medialab.am