«Պիտի գնամ, 18 տարեկան խոխեքը ինձ են սպասում». ասել է սերժանտ Շաքարյանը ու մեկնել առաջնագիծ, իսկ ընտանիքը մինչև հիմա նրան է սպասում

27-ամյա Տաթև Օհանյանը ամուսնուն կորցրել է 44-օրյա պատերազմում: Այժմ ապրում է երեք երեխաների հետ Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում։

Երիտասարդ կնոջ ամուսինը պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ 29-ամյա Գուրգեն Շաքարյանն էր, որն արցախյան պատերազմի առաջին օրերից առաջնագծում է եղել, կռվել Մարտունիում։ 

Տաթևը պատմում է, որ հոկտեմբերի 26-ին Գուրգենը տուն է եկել հագուստը փոխելու, առաջնագիծ վերադառնալիս ասել է. «Պիտի գնամ, 18 տարեկան խոխեքը ինձ են սպասում»։

Այնուհետև սկսել են անհանգիստ օրերը. տնից գնալուց երկու օր հետո՝ հոկտեմբերի 29-ին լսել է սիրելիի մահվան բոթը: «Հոկտեմբերի 29-ին առավոտը ես վեր կացա, որ զանգ չտվեց՝ անհանգիստ էի… Ես զանգեցի, չգիտեմ, թե ով հեռախոսը վերցրեց, ասեցի՝ ալլո, ալլո, իրանք ոչ մի բառ չխոսեցին… Արդեն ես ըտեղ հասկացա, որ ինչ-որ բան ա պատահել։ Հետո զանգեցի, անհասանելի դարձավ, հետո մեր գյուղից զանգեցին, ասացին»,- արցունքների միջից պատմում է կինը ու շարունակում.

«Գուրգենը վիրավոր է եղել, տեղափոխելու ժամանակ սկորիի մեքենան փչացել ա, մինչև սարքել են, չեն հասցրել հիվանդանոց, ճանապարհին մահացել ա»։

Ավագ սերժանտ 29-ամյա Գուրգեն Շաքարյանը թոքերի, ողնուղեղի հրազենային բեկորային վիրավորում է ստացել։ Զինակից ընկերը, որին չի հաջողվել Գուրգենին օգնել, տեղափոխել հիվանդանոց, սարսափելի մանրամասներ է պատմել կնոջը.

«Ասում էր՝ ոչ մի զենք, ոչ մի գիշերային սարք չեն ունեցել, որ տեսնեին՝ թուրքեր կա՞ն, թե չէ։ Մենակ ավտոմատ է ձեռքներին եղել, էն էլ որ կրակել են, փամփուշտը վերջանում էր, մնում էին առանց ոչ մի բանի։ Ասում ա՝ 23 հոգի են իրենք եղել, իսկ թուրքերը 200-300 հոգով եկել են, խրամատ մտել, ավտոմատներով կրակել ու գրանատ գցել։ Որ սկզբում ամուսինս վիրավոր ա եղել, փորձել են տեղափոխել, բայց չեն հասցրել»։

Ամուսնու զոհվելու լուրն իմանալը Տաթևի համար անասելի ծանր է եղել: Յոթ ամիս է անցել, սակայն ցավը չի սփոփվում և հիմա էլ մշտապես սպասում է Գուրգենին, թվում է, թե ուր որ է դուռը կբացվի, և զինվորական հագուստով ներս կմտնի սիրելին: Սակայն նա չկա: Փոխարենը օրերն անցնում են նրա մասին հուշերով՝ լավ հայր էր, սիրող ամուսին, հոգատար որդի, սրտաբաց ընկեր.

«Ահավոր վիճակ է: Մենք շատ կապված էինք, շատ սիրով ընտանիք էինք, շատ երջանիկ էինք, միմյանց շատ էինք սիրում, ինքը ինձ էր օգնում, ես՝ իրեն։

Ես չեմ հավատում, նրան ես բացակա չեմ դնում, իմ համար միշտ նա կա։ Մտածում եմ՝ ինքը աշխատանքի ա, ուր որ ա՝ կգա»։

Տաթև Օհանյանը ամուսնու՝ Գուրգեն Շաքարյանի հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Ամուսնու կորստի ցավի հետ միասին երիտասարդ կնոջ սոցիալական չլուծված խնդիրներն են ավելացել. մինչ պատերազմը հիպոթեքային վարկով տուն են գնել, որը պետք է վերանորոգեին ու բնակվեին, սակայն տունն այդպես էլ չվերանորոգված է մնացել։ Տաթևը դիմել է Արցախի կառավարություն, որ վերանորոգման աշխատանքների հարցում օգնեն, սակայն դրական պատասխան չի ստացել:

«Ինչքան գնացել ենք կառավարություն, ոչ մի ձեն-ձուն չկա։ Գոնե տունը վերանորոգեն, որ անձրևներ չթափվեն, թե չէ անձրևանոցով պիտի ման գանք: Ասեցին՝ զոհվածների ընտանիքների մասով դեռ չեն քննարկել, դեռ տեղահանվածների հարցով են զբաղվում, բայց կողքի գյուղերից մարդիկ գիտեմ, որ վերանորոգում կատարել են զոհվածների ընտանիքներից»,- ասում է նա: 

Տաթևը դժվարագույն շրջանը փորձում է հաղթահարել երեք երեխաների ներկայությամբ ու աշխատանքի միջոցով։ Պատերազմից հետո Մարտունու Խնուշինակ գյուղի մանկապարտեզում աշխատանքի է անցել՝ որպես դաստիարակ։

«Մանկապարտեզի աշխատողը ֆիզարձակուրդ էր գնացել, ինձ վերցրեցին աշխատանքի, մի քանի ամիս ա՝ դաստիարակ եմ ընդունվել։ Աշխատանքի որ գնում եմ, անձնականս չեմ խառնում, էրեխեքի հետ ինձ լավ եմ զգում, աշխատանքի վայրում թվում ա՝ ինձ հետ ոչ մի բան չի պատահել… բայց որ տուն եմ գալիս, հոգիս տակնուվրա ա լինում, մթություն ա սիրտս տիրում»,- ասում է Տաթևը և հավելում, որ հանուն իր երեխաների փորձում է հավաքել ուժերը, չկոտրվել, որ գոնե փոքրերը սթրեսի չենթարկվեն:

Արփինե Արզումանյան

MediaLab.am