ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երբ ամբողջ աշխարհում զենքերը խոնարհվում են, ինչ-որ մի «բառան» շարունակում է պատերազմել
Նամակով դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին
Լռեցնել զենքերը, դադարեցնել հրետանին։
ՄԱԿի-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ արեց պատերազմող կողմերին ամբողջ աշխարհում՝ վայր դնել զենքերն ու դադարեցնել պատերազմները՝ համախմբելով ողջ ուժերը COVID-19-ի դեմ պայքարի համար։ Ժամանակն է զինված բախումը դնել փականի տակ եւ միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը սատարեց ու միացավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին՝ դադարեցնել պատերազմները, որովհետեւ այս վիրուսի կատաղությունն ի ցույց դրեց ցանկացած պատերազմի հիմարությունը։
Ու ահա այս ֆոնին երեկ, ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ձեռնարկեց հերթական դիվերսիոն ներթափացնման փորձը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով սահմանային Ոսկեւան եւ Բաղանիս գյուղերը։
Ադրբեջանական հերթական դիվերսիոն գործողության արդյունքում վիրավորվել է երկու զինծառայող եւ Ոսկեւան համայնքի 15-ամյա երեխա, ով այդ պահին գտնվել է իր տան պատշգամբում։
Փաստորեն, գլոբալ համաճարակի ֆոնին, երբ անտեսելով համամարդկային համակեցության բոլոր հնարավոր խաղի կանոնները, թքելով միջազգային իրավունքի բոլոր նորմերի վրան, թքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ Հռոմի պապի՝ «պանդեմիկ զինադադար» հայտարարելու մարդասիրական կոչի վրա, Արդբեջանը կրկին աշխարհին ի ցույց դրեց իր ռազմատենչ ու ագրեսոր դեմքը։
Մեկ բան հստակ է՝ Ադրբեջանի ռազմատենչությունն ու խելահեղությունը շատ ավելի վտանգավոր է ցանկացած համաճարակից։ Ու սա կասեցնել է պետք։
Ես ակնկալում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԽ գլխավոր քարտուղարն ու ԵԽԽՎ նախագահն անմիջապես կարձագանքեն Ադրբեջանի հերթական դիվերսիոն արկածախնդրությանն ու «պանդեմիկ զինադադարի» խախտմանը։
Ձեր լռությունն աշխատում է ագրեսորի օգտին»։