Արմեն Ամիրյանը խաբե՞լ է ռեժիսորին․ ուր է 6․8 մլն դրամը. fip.am

Քննչական կոմիտեն ապրիլի 10-ին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` պարզվել է, որ 2017 թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6,800,000 դրամ գումար:

«Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորը Կինոարտադրողների հայկական ֆեդերացիայի նախագահ, «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Գալստյանն է, որը դեռևս 2018 թ․-ի դեկտեմբերի սկզբից հացադուլ էր հայտարարել և հայտարարությամբ հանդես եկել, որ 2017-ի ապրիլին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել էր Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։ 

Կինոռեժիսորի պահանջն էր Մշակույթի նախարարությունից ֆիլմի նկարահանումները շարունակելու համար ֆինանսավորում ապահովելը։

2019 թ․-ի փետրվարին արդեն Մշակույթի նախարարությունը՝ (նախարար Լիլիթ Մակունց) «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ծագած խնդիրների մասին  հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը և ստեղծագործել օրինական, հավասար ու մրցակցային պայմաններում: 

Ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6․8 մլն դրամն Արմեն Ամիրյանն է պահանջել և չի վերադարձրել

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն երկու տարի է, ինչ խնդրի մասին բարձրաձայնում է, և դեռ այն ժամանակ ինքը բաց նամակով հայտնել էր այդ մասին նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, և հիմա քննչական մարմինների հետ համագործակցելով՝ կփորձի հետ ստանալ այդ գումարները։

«Միայն կարող եմ ավելացնել, որ այդ գործով ես ճանաչվել եմ տուժող և լիովին համագործակցելու եմ քննչական մարմինների հետ։ «Տատիկիս վարսերը»  ֆիլմից վերցրած ամբողջ գումարը, վստահ եմ, վերադարձվելու է ֆիլմին, և այս տարիներին իմ չաշխատած ժամանակի համար ևս փոխհատուցում է տրվելու»,- ասաց նա։

Հովհաննես Գալստյանը նշեց, որ ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6․8 մլն դրամ գումարը նրանից մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն է պահանջել։

«Նախաքննություն է ընթանում, այլ մանրամասներ չէի ցանկանա ասել, միայն կարող եմ ասել, որ ես այդ խնդրանքին գնացել եմ ընդառաջ և տվել եմ գումարը՝ բնականաբար, վերադարձի պայմանով։ Բայց չարաշահելով փոխադարձ վստահությունը, որ ընդամենը ժամանակավորապես են վերցնում, քանի որ գումարը պետք էր, այդ ընթացքում Հայաստանը պետք էր առավելագույնս լավ ներկայանար Կաննի  կինոփառատոնին, գումարի վերադարձը չի եղել։ Ես վստահ էի, որ լինելու է, հիմա ես առավելագույնս ապահովելու եմ հրապարակայնությունը, բայց ոչ ավելի, քան քննչական մարմինները նպատակահարմար կգտնեն»,- ասաց նա։

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Նա հանրապետությունում չէ։ 

Քննչական կոմիտեից նշեցին, որ քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:

Դատախազությունից Fip.am-ին ասացին, որ միայն այսօր են գործը ստացել և նոր միայն պետք է նախաքննության փուլ մտնի։ Գործն ուսումնասիրելուց հետո կորոշվի ՀՔԾ ուղարկելու հարցը։

Ի դեպ, քանի դեռ նախաքննությունը չի սկսվել, Արմեն Ամիրյանը դեռևս կարգավիճակ չունի և չի հարցաքննվել։

Նելլի Լազարյան

fip.am