Փայտին փոխարինում է արևը․ ինչպես խնայել՝ պահպանելով բնությունը

Ամփոփվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի հերթական հաջողված դրամաշնորհային նախագիծը։

Դրամաշնորհի շրջանակներում «Կանաչ էկո – շրջան» բնապահպանական ՀԿ-ն իրականացրել է «Շիկահող» պետական արգելոցի հարակից Շիկահող գյուղի մշտական բնակություն ունեցող բոլոր 56 տնային տնտեսություններում արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը։

⚡️Գյուղի 56 տնային տնտեսություններին տրամադրվել են 150 լիտր տարողությամբ արևային ջրատաքացուցիչներ և իրականացվել համակարգերի՝ տանիքներին ամրացման ու տեղադրման աշխատանքները։ 56 տնային տնտեսությունները ստացել են յուրաքանչյուրը 5-ական լեդ լամպեր։ Գյուղի բնակիչների՝ հատկապես ծերերի համար, անց են կացվել իրազեկման միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվել են համակարգից օգտվելու կանոնները։ Ջրատաքացուցիչների օգտագործման համար տրամադրվել է 5 տարվա տեխնիկական և 1 տարվա սպասարկման երաշխիք։

Ծրագրի արդյունավետությունը ոչ միայն տնային տնտեսությունների կողմից օգտագործվող վառելափայտի և էլեկտրաէներգիայի ծավալի նվազեցումն էր արևային ջրատաքացուցիչների տեղադրման միջոցով, այլ նաև գյուղի բնակիչների մոտ բնության կայուն օգտագործման և էներգախնայող վարքագծի ձևավորումը, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի վրա մարդու կողմից բացասական ազդեցության նվազեցմանը։

Հարկ է փաստել, որ Շիկահող գյուղը գազիֆիկացված չէ, ինչը նշանակում է, որ գյուղում կենցաղային կարիքների նպատակով ջուր տաքացնելու համար մեծամասամբ օգտագործվում էր փայտ կամ էլեկտրաէներգիա:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: