Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել

ՀՀ բնապահպանության նախարարությունում առերևույթ կատարաված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։

Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս պատճառելու վերաբերյալ:

Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետի, նախարարության մի խումբ այլ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից, առերևույթ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, համապատասխան իրավական ակտերի պահանջների խախտմամբ, ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել Հայաստանում գործող ՀԷԿ-երից մեկին:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն՝ այն հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նույն քրեական գործի շրջանակներում որոշում էր կայացվել՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասն առանձին վարույթ անջատելու և ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու վերաբերյալ: