«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը
– Տիկի՛ն Ալեքսանյան, դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում էր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանում ինչպե՞ս եք գնահատում մարդու իրավունքների պաշտպանությունը գործող իշխանության պաշտոնավարման տարիներին, ի՞նչ առաջընթաց կա։
– Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում աղետալի է, այլ բառ հնարավոր չէ օգտագործել։ Չկա մի ոլորտ, որտեղ ինչ-որ բան բարելավվել է, քաղաքական իշխանության բոլոր հայտարարությունները ձևական են ու կեղծ։ Մեր ոլորտում՝ նրանով, ինչով զբաղվում եմ ես, գնահատում եմ զրոյից այն կողմ մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակը։
Քրեակատարողական հիմնարկներում վիճակը սարսափելի է․ անվերջ զանգեր ենք ստանում, երբեք այսքան բողոք չենք ստացել քրեակատարողական հիմնարկներից, ինչպես հիմա։ Ստացվում են հիմնականում առողջական խնդիրների վերաբերյալ բողոքներ, դատապարտյալները հացադուլ են անում, որոնց մասին լռում են, տպավորություն է, որ քաղաքականություն է որդեգրվել՝ ինչ ուզում է ներսում կատարվի, միայն թե այդ պատերից դուրս չգա։ Իսկ այդ ամենի հետևանքով տուժում է մարդկանց առողջությունը, այն մարդկանց, որոնք պետության անմիջական հոգածության ներքո են։
Հաջորդը բանակն է, տպավորություն է, որ Հայաստանում բանակ գոյություն չունի, այսինքն՝ բանակի մասին շուտով կարող է բոլորը մոռանան, պարբերաբար ուղղակի մահվան դեպքերի մասին ենք իմանում ու դրանից հասկանում ենք, որ ամեն ինչ ավելի է վատթարացել։ Նախկին իշխանություններից հետո, երբ այս ուժը եկավ իշխանության, բանակում վիճակն ավելի վատացավ։ 2020 թվականին բանակում գրանցված 100 մահվան դեպք կար, սա թիվ է, որն 90-ականներին էր հատուկ՝ առաջին պատերազմից հետո, ու այս մահվան դեպքերի աճի միտումը շարունակվում է, միայն լսում ենք բարեփոխումների մասին, բայց արդյունք չենք տեսնում, ինչի մասին վկայում են մահվան դեպքերը։
Օմբուդսմենն ի՞նչն է փոխում մարդու իրավունքների պաշտպանության հարցում․ բազմաթիվ դատապարտյալներ դիմում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, հացադուլ են հայտարարում, բայց գրասենյակը չի այցելում այդ դատապարտյալներին, կալանավորներին, որպեսզի հասկանա խնդիրը, գուցե այդ մարդկանց կյանքին վտանգ է սպառնում, որ հացադուլ են հայտարարել։ Նրանք պարտավոր են այցելել, դա իրենց գործն է։
Ես չեմ հիշում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանների պատմության մեջ մի դեպք, երբ ՄԻՊ-ը չի այցելում բռնության ենթարկված անձին, իսկ այս իշխանության օրոք դա տեսնում ենք։ Այնպես որ, թե ինչի է ձգտում ու ինչն է ուզում բարեփոխել, ես չեմ հասկանում։
– Իսկ այս իշխանության օրոք կա՞ն արտոնյալներ, որ, օրինակ՝ եթե իրենց թիմակիցն է կամ իրենց գաղափարակիցները, ապա նրանց ամեն բան կարելի է, իսկ մյուսներին՝ ոչ։
– Դա ակնհայտ է, իհարկե, հեռու չգնանք, քանի Հովիկ Աղազարյանը իրենց թիմում էր, ամեն բան լավ էր, իսկ հիմա՞։ Նախ ասեմ, որ հանրության ողջ ուշադրությունը սևեռել են այդ անբարո երևույթի շուրջ, ու բոլորը դրա վերաբերյալ քննարկումներ են անում։ Մարդու անձնական կյանքին են միջամտում ու դա՝ վարչապետի ձեռամբ, ու նա չի էլ միջամտում, որ այդ ամենը վերջանա, ընդհակառակը՝ այդ ամենն ավելի է բացվում ու խորանում։
Ասում է՝ պետական գաղտնիքի արտահոսք, քրեական գործ հարուցեք այդ հիմքով, հակառակ դեպքում դու ստում ես, չնայած պարզ է, որ ստում է: Պարզ է նաև, որ վարչապետն ուղղակի միջամտություն ունի հարուցված քրեական գործերում, ցանկացած գործի կարող է միջամտել։ Դա պարզվեց, այսինքն՝ նախաքննության գաղտնիքները հասանելի են վարչապետին, սա արտառոց է, արտոնյալության ամենավառ օրինակն է, «իմ դեմ խաղ չկա»-ի դրսևորում։
Մենք չենք տեսել այսպիսի բան՝ այսպիսի անբարո միջավայր, հիմա, փաստորեն, ՔՊ-ն անբարո է ոչ միայն դրսից, այլ նաև՝ ներսից, մենք դա ենք տեսնում։ Հիմա էլ Հակոբ Ասլանյանին են հեռացնում, ինչ է թե պաշտպանում է Աղազարյանին: Չգիտեմ՝ ինչ են անում, գուցե սա նաև ինչ-որ մի խաղ է մոգոնել Նիկոլ Փաշինյանը, որը շարունակվում է ու հանրությանը զբաղեցնում է, գուցե ի վնաս Հայաստանի ինչ-որ մի մեծ գործարքից առաջ զբաղեցնում է հանրությանը անբարո վարքով։
Նման բարոյալքված վիճակ երբեք չի եղել, այդ անբարո վարքը թելադրում է իշխանությունը, սա ուղղակի սարսափելի է՝ մինչև իսկ սեռական հարաբերություններ և այլն։ Էլ ի՞նչ մարդու իրավունքների մասին կարելի է խոսել այս նողկալի իրավիճակում։ Քաղաքական այս ուժը ցածրորակ է, տեսնում ենք այդ ենթակայական իրավիճակը, որ նույնիսկ այս պարագայում իրենք իրենց նվիրվածությունն են հայտնում վարչապետին։ Ստրկամտության ակնհայտ դրսևորումներ են, նման նողկալի վիճակ երբեք չի եղել։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am